Logo

Փարիզ-2024․ Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

14:49 / 06.08.2024Ըմբշամարտ
null

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում և նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր։

Երկրորդ գոտեմարտում 2021թ․ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Ամոյանը մրցեց իրանցի Ամին Կավիյանինեժադի հետ և հաղթեց 3-0 հաշվով։ Առաջին մրցափուլից հետո Մալխասը հաղթում էր 3-0 հաշվով, իսկ երկրորդում գրագետ պաշտպանվեց ու պահպանեց առավելությունը։

Հայաստանի ներկայացուցիչն Օլիմպիական խաղերում նորամուտը նշել էր 1/8 եզրափակիչից և 8-0 հաշվով վստահ հաղթանակի հասել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոնի Սարկինենի նկատմամբ։

Երեկոյան մրցահերթում Մալխաս Ամոյանը եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի 2023թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 23-ամյա ճապոնացի Նաո Կուսակայի հետ։

77 կգ քաշային կարգում մյուս երկու հայ ըմբիշները պարտություն են կրել։ Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանը հաղթական մեկնարկ գրանցելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվել է ճապոնացի Նաո Կուսակային, իսկ Բուլղարիայի ներկայացուցիչ Հայկ Մնացականյանը պարտություն է կրել մեկնարկային գոտեմարտում։

Օգոստոսի 6-ին հաջող էր մեկնարկել նաև Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որը 1/8 եզրափակիչում ժամկետից շուտ 9-0 հաշվով հաղթել էր 30-ամյա հարավկորեացի Սինջուն Կիմին։

32-ամյա Ալեքսանյանը քառորդ եզրափակիչում այս պահին գոտեմարտում է ուզբեկ Ռուստամ Ասակալովի հետ։

Այս քաշային կարգերի մեդալային գոտեմարտերը տեղի կունենան օգոստոսի 7-ին։ Նույն օրը ելույթը կսկսի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ):

Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ