Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը (77 կգ) իր համար առաջին Օլիմպիական խաղերում կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ:
Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում 25-ամյա Ամոյանը մրցեց 2023թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ասիայի գործող չեմպիոն, 23-ամյա ճապոնացի Նաո Կուսակայի հետ և պարտվեց 1-3 հաշվով։
Oգոստոսի 7-ին Հայաստանի ներկայացուցիչը բրոնզե մեդալը կվիճարկի Ուզբեկստանը ներկայացնող հայ ըմբիշ Արամ Վարդանյանի ու ալժիրցի Էլկրիմ Ուակալիի դիմակայության հաղթողի հետ:
Հիշեցնենք, որ Մալխաս Ամոյանն Օլիմպիական խաղերում նորամուտը նշել էր 1/8 եզրափակիչից և 8-0 հաշվով վստահ հաղթանակի հասել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոնի Սարկինենի նկատմամբ, իսկ երկրորդ գոտեմարտում ուժեղ էր գտնվել իրանցի Ամին Կավիյանինեժադիից՝ 3-0։
Քիչ անց եզրափակիչի ուղեգիրը վիճարկելու է նաև Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի 7-ակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), որը մրցելու է աշխարհի գործող չեմպիոն, կուբացի Գաբրիել Ռոսիլյոյի հետ։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը (67 կգ), պայքարը կսկսի օգոստոսի 7-ին:
Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը


