Փարիզում մեկնարկած 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը չի անցել առանց սկանդալի։ Միջոցառման ժամանակ հաղորդավարները Հարավային Կորեայի պատվիրակությանը ներկայացրել են որպես Հյուսիային Կորեայի ներկայացուցիչներ։
Միջազգային օլիմպիական կոմիտեն արդեն ներողոություն է խնդրել Հարավային Կորեայի պատվիրակությունից.
«Մենք խորապես ցավում ենք և ներողություն ենք խնդրում բացման արարողության ժամանակ Հարավային Կորեայի պատվիրակությանը ներկայացնելիս տեղի ունեցած սխալի համար»,- գրված է կազամերպության սոցցանցերի կորեական բաժնում։
ՄՕԿ-ը կատարվածի առթիվ դեռ հրապարակում չի արել սոցցանցերի անգլիական բաժնում։
Yonhap-ը գրում է, որ Հարավային Կորեայի ներկայացուցիչները տեղի ունեցածից խիստ վրդովված են։ Այդ երկրի Սպորտի նախարարությունը հանդիպում է պահանջում ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախի հետ։
«Մենք նաև խնդրել ենք Արտաքին գործերի նախարարությանը կառավարության մակարդակով խիստ բողոք ներկայացնել Ֆրանսիային: Կորեայի օլիմպիական կոմիտեն անմիջապես դիմել է Փարիզի կազմկոմիտե՝ նման միջադեպերի կրկնությունը թույլ չտալու համար և մեր ղեկավարությամբ պաշտոնական բողոք կներկայացվի։ Կոմիտեն կհանդիպի նաև ՄՕԿ-ի հետ»,- նշված է Հարավային Կորեայի Սպորտի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերն անցկացվում են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Քառամյակի գլխավոր մարզական իրադարձության բացումը տեղի է ունեցել հուլիսի 26-ին։


