Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 29-ին պայքարը կսկսի Հայաստանը ներկայացնող միակ բռնցքամարտիկը` 2021 թ. աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ)։
Գյումրեցի մարզիկը մրցաշարի 1/16 եզրափակիչում մենամարտելու է բրիտանացի Օլի Դելիշիուսի դեմ։ Մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:30-ի սահմաններում։
26-ամյա Չալոյանն օլիմպիական ուղեգիրը նվաճել է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում կայացած վարկանիշային վերջին մրցաշարում։ Նա վճռորոշ մենամարտում համառ պայքարում 3-2 հաշվով հաղթել է իռլանդացի Մարտին Մակդոնահին։
Չալոյանը Փարիզ-2024-ի բացման արարողության ժամանակ եղել է Հայաստանի դրոշակակիրը։
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն արդեն ավարտել են լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, որոնք չէին կարողացել հաղթահարել որակավորման փուլը, իսկ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակների վարժություն) դուրս են եկել առանձին գործիքների եզրափակիչ ու օգոստոսի 4-ին պայքարելու են մեդալների համար։
Դավիթ Չալոյանը պատրաստվում է իր առաջին Օլիմպիական խաղերին․ FastNews-ի ռեպորտաժը
Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը


