Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հուլիսի 30-ի մրցումային օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ: Պայքարի մեջ կմտնի Հայաստանի առաջատար լողորդ Արթուր Բարսեղյանը, որը կմասնակցի 100 մետր ազատ ոճի մրցմանը: Որակավորման փուլը կմեկնարկի Երևանի ժամանակով 13:00-ին, եզրափակիչը ևս նախատեսված է հուլիսի 30-ին:
Արթուր Բարսեղյանը մասնակցել էր նաև նախորդ Օլիմպիական խաղերին: Տոկիո-2020-ում 22-ամյա լողորդը 50 մետր ազատ ոճում 43-րդն էր, իսկ 100 մետր ազատ ոճում՝ 38-րդը:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն արդեն ավարտել են լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, որոնք չէին կարողացել հաղթահարել որակավորման փուլը, իսկ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակների վարժություն) դուրս են եկել առանձին գործիքների եզրափակիչ ու օգոստոսի 4-ին պայքարելու են մեդալների համար։
Բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը (+92 կգ) հուլիսի 30-ին մեկնարկել էր հաղթանակով և դուրս եկել քառորդ եզրափակիչ: Օգոստոսի 2-ին 26-ամյա գյումրեցի բռնցքամարտիկը կմենամարտի Իսպանիան ներկայացնող Այուբ Գարֆայի հետ և հաղթելու դեպքում կապահովի առնվազն բրոնզե մեդալ:
Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը
Ֆոտո՝ ՀԱՕԿ


