Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Վահագն Դավթյանը, ևս կպայքարի մեդալների համար:
Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոնն օղակների վարժության որակավորման փուլում գրավեց 7-րդ տեղը և դուրս եկավ եզրափակիչ, որը տեղի կունենա օգոստոսի 4-ին:
Առաջին անգամ Օլիմպիական խաղերի մասնակցող 35-ամյա Դավթյանը որակավորման փուլում վաստակել էր 14,733 միավոր և երկրորդ ենթախմբի մասնակիցների ելույթներից հետո 5-րդն էր: Երրորդ ենթախմբի ավարտից հետո հայ մարմնամարզիկը հանգրվանեց 7-րդ տեղում: Եզրափակիչ դուրս եկան 1-8-րդ տեղերը գրաված մարմնամարզիկները:
Վահագն Դավթյանը Փարիզ-2024-ի ավագագույն մարմնամարզիկն է տղամարդկանց պայքարում։
Հիշեցնենք, որ քիչ առաջ նույն 7-րդ տեղով հենացատկի եզրափակիչ էր դուրս եկել 2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը:

Հուլիսի 27-ին Փարիզ-2024-ում պայքարի մեջ էին մտել Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը, որոնք ավարտել են ելույթները։ 30-ամյա Կարապետյանին չէր հաջողվել նվաճել 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի եզրափակիչի ուղեգիր, որին շատ մոտ էր, իսկ 21-ամյա Մանուչարյանը չէր կարողացել հաղթահարել բաթերֆլայ ոճի 100 մետր մրցատարածության որակավորման փուլի արգելքը։
Փարիզ-2024․ Հայաստանի մարզիկների մրցելույթների ժամանակացույցը


