Փարիզի 17-րդ շրջանի քաղաքապետ Ժոֆղուա Բուլարը քաղաքային այգում հյուրընկալել է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյանին և բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Հայաստանի օլիմպիական պատվիրակության անդամներ, բազմաթիվ երկրպագուներ:
Ողջունելով հունահռոմեական ոճի ըմբիշներին՝ Ժոֆղուա Բուլարը շնորհավորել է նրանց Փարիզ-2024-ում ունեցած տպավորիչ մրցելույթների և նվաճած մեդալների առթիվ:
Գիլոյանն էլ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և սրտացավ վերաբերմունքի համար: Նա ընդգծել է՝ Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը խաղերի ամբողջ ընթացքում զգում է թե՛ Փարիզի իշխանությունների, թե՛ ֆրանսիացի ժողովրդի աջակցությունն ու բարեկամական վերաբերմունքը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարները ևս շնորհակալություն են հայտնել հյուրընկալության և աջակցության համար:
Ալեքսանյանն ու Ամոյանը լուսանկարվել են Փարիզի 17-րդ շրջանի քաղաքային այգում հավաքված երկրպագուների հետ, ինքնագրեր բաժանել նրանց:
Ալեքսանյանն ու Ամոյանը Փարիզում կհյուրընկալվեն նաև «Հայաստանի օլիմպիական տանը» և կհանդիպեն հայկական համայնքի ներկայացուցիչների և մարզասերների հետ:
Հիշեցնենք, որ 32-ամյա Ալեքսանյանը (97 կգ) դարձել էր կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն: Գյումրեցին նաև Օլիմպիական խաղերի բրոնզե և ոսկե մեդալակիր է, աշխարհի քառակի չեմպիոն և Եվրոպայի առաջնությունների 7-ակի ոսկե մեդալակիր: 25-ամյա Ամոյանն (77 կգ) էլ աշխարհի չեմպիոն և Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր է:
Ֆոտո՝ ԿԳՄՍ