Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, թե ինչ մրցաշարերի է նախապատրաստվում հավաքականը և ընդգծեց, որ այս տարի Եվրոպայի առաջնության հայտացուցակում կընդգրկվեն նաև մի քանի երիտասարդ մարզիկ, որպեսզի վերջիններս փորձառություն ձեռք բերեն, իսկ լավ ելույթների պայմաններում մասնակցեն 2018 թվականին կայանալիք Աշխարհի առաջնությանը:
«Այս Եվրոպայի առաջնությանը մեկնելու են միայն այն մարզիկները, որոնք կարող են մեդալ նվաճել: Սակայն կարող են ընդգրկվել նաև այն մարզիկները, որոնք դեռ երիտասարդ են, որպեսզի հասկանանք, թե ինչպես են դրսևորում իրենց մեծահասակների մրցաշարերում:
Հիմա մենք որոնումների մեջ ենք, որպեսզի մեր թիմը 8 հոգով կարողանա մասնակցել Աշխարհի առաջնությանը: Նույնը արվել է Սիմոն Մարտիրոսյանի հետ»,-ասաց Ալավերդյանը:
Ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչը տեղեկացրեց նաև, որ ապրիլի 1-ից 10-ը հայ ծանրորդները կմասնակցեն Թայլանդում կայանալիք Աշխարհի պատանիների առաջնությանը:
Լիանա Մկրտչյան

