Համաշխարհային ֆուտբոլում ակումբները հետզհետե ավելի համակարգային են դառնում, հետևաբար ավելի քիչ են ակնթարթային որոշումներ կայացնում տրանսֆերներ կատարելիս: Շատերը նախընտրում են լսել սկաուտների և վերլուծաբանների խորհուրդները, այլ ոչ թե ինչ-որ ֆուտբոլիստի գեղեցիկ գոլերի տեսանյութով ոգևորված նրան թիմ հրավիրել:
Նախկինում աշխարհի առաջնությունում որևէ ֆուտբոլիստի պերֆորմանսը նրան գրանդ ակումբ կուղարկեր, բայց վերջին 6-7 տարիներին այդ միտումը փոխվել է:
Հիմնական պատճառն այն է, որ ֆուտբոլիստներին ակումբները գնահատում են մրցաշրջանի կտրվածքով, իսկ Մունդիալները կայանում էին դրանից հետո և կարող էին միայն ամրապնդել կարծիքը լավ ելույթի դեպքում, բայց հակառակը քիչ հավանական էր, քանի որ միևնույն է՝ վատ ելույթի դեպքում հնարավոր գնորդը շեշտը դնելու էր 9 ամիս տևած ակումբային ելույթի վրա: Այս անգամ, իրավիճակն այլ է: Կատարում աշխարհի 22-րդ առաջնությունն անցկացվեց նոյեմբեր-դեկտեմբերին և անմիջական կապ ունի մրցաշրջանի կտրվածքով ֆուտբոլիստների ընդհանուր գնահատականի վրա:
Դեկտեմբերի 29-ին «Լիվերպուլը» հայտարարեց Նիդերլանդների հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Կոդի Գակպոյի տրանսֆերի մասին: Գործարքը կազմել է 42 միլիոն եվրո և նախատեսում է հնարավոր պարգևավճարներ, որոնք կարող են տրանսֆերը ռեկորդային վաճառքի հասցնել ՊՍՎ-ի համար (մինչև այս ռեկորդը Իրվինգ Լոսանոյի վաճառքն է` 45 միլիոն եվրո):
ԱԱ-2022-ում 23-ամյա ֆուտբոլիստը դարձավ Նիդերլանդների հավաքականի լավագույն ռմբարկուն՝ խփելով 3 գոլ, իսկ ակումբային մրցաշրջանը ցնցող է անցկացնում. Նիդերլանդների առաջնության 14 խաղում՝ 9 գոլ և 12 ասիստ:
Առջևում սպասվում են Մունդիալում փայլած ֆուտբոլիստների այլ տրանսֆերներ: Առանձնացրել ենք նրանցից մի քանիսը։
Էնցո Ֆերնանդես (Արգենտինայի հավաքական, «Բենֆիկա»)
Ամենաթարմ ինսայդներից մեկը Ֆերնանդեսի վերաբերյալ է: Էնցոյի գործակալի հետ արդեն կապ են հաստատել «Բարսելոնան», «Ռեալը», «Աթլետիկոն», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Տոտենհեմը», «Լիվերպուլը», «Արսենալը», «Ինտերը» և ՊՍԺ-ն: Արգենտինացու համար ակումբները պատրաստ են մինչև 127 միլիոն եվրո վճարել և այդ գումարը դեռ կարող է աճել:
Արգենտինայի հավաքականի փլեյմեյքերն ԱԱ-2022-ի ընթացքում նվաճեց տեղը մեկնարկային կազմում: Մեքսիկայի դեմ բարդ խաղում նա գեղեցիկ գոլով ամրապնդեց «Ալբիսելեստեի» առավելությունը և հետո սկսեց խաղալ ամանաբարդ դիրքում` հենակետային կիսապաշտպան: Ֆրանսիայի դեմ եզրափակիչի օրը նա արդեն գերինքնավստահ ֆուտբոլիստ էր, որը Մեսիի հետ մեկտեղ այն խաղացողն էր, որ թիմի խաղին հանգստություն և տեմպ էր հաղորդում:
Ֆերնանդեսի համար Լիսաբոնի «Բենֆիկան» ամռանը 12 միլիոն եվրո էր վճարել արգենտինական «Ռիվեր Փլեյթին»: Կիսապաշտպանը միանգամից տպավորեց Պորտուգալիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում, որտեղ գոլային փոխանցումներ կատարեց ՊՍԺ-ի և «Յուվենտուսի» դեմ խաղերում՝ իր թիմին օգնելով առաջին տեղը գրավել խմբում:
«Բենֆիկան» այն ակումբը չէ, որը երկար կձգի իր խաղացողի տրանսֆերը, այլ կփորձի հետմունդիալյան աժիոտաժի ներքո 2023-ին արդեն թանկ գնով վաճառել իր նոր աստղին:
Ալեքսիս Մակալիստեր (Արգենտինայի հավաքական, «Բրայթոն»)
Անգլիական «Բրայթոնի» սկաուտները դեռ 5 տարի առաջ էին նկատել կիսապաշտպանին, իսկ 4 տարի առաջ ակումբը գնել էր նրա տրանսֆերը: Բայց հետո որոշել էին նրան վարձակալությամբ թողնել Արգենտինայում, որպեսզի շարունակեր աճել հարազատ «Արգենտինոս Խունիորսում», այնուհետև՝ «Բոկա Խունիորսում»: Միայն դրանից հետո արգենտինացուն հրավիրեցին Անգլիա: Նա արդեն 4-րդ տարին է անցկացնում Պրեմիեր լիգայում և այս մրցաշրջանում իր թիմի երկրորդ ռմբարկուն է:
Աշխարհի առաջնությունում Մակալիստերը երկրորդ տուրի սկսած մեկնարկային կազմում էր և նրա հետ «Ալբիսելեստեն» բոլոր խաղերում վերջնական հաղթանակի հասավ: 24-ամյա կիսապաշտպանն էլ հաղթական գոլ խփեց Լեհաստանի դեմ մրցավեճում և գոլային փոխանցում գրացնեց եզրափակիչում:
Sky Sports-ի և AS-ի հավաստմամբ, «Արսենալը», «Տոտենհեմը» և «Աթլետիկոն» արդեն կատաղի պայքար են մղում արգենտինացու համար: Կոնտեին և Սիմեոնեին միշտ հենց այդպիսի աշխատասեր խաղացող է հարկավոր: Բացի այդ, «Յուվենտուսն» ու «Չելսին» ակտիվ գործողությունների են անցել բանակցային փուլում: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 42 միլիոն եվրո:
Ազեդին Օնայի (Մարոկկոյի հավաքական, «Անժե»)
ԱԱ-2022-ի գլխավոր անկանկալը Մարոկկոյի հավաքականն էր: Աֆրիկյան թիմը կհիշվի կարգապահ պաշտպանությամբ և ֆիզիկական հզոր պայքարով, բայց թիմի կազմում կային նաև տեխնիկայով գրավող խաղացողներ: Օրինակ` Հակիմ Զիեշը, Սոֆիան Բուֆալը և Ազեդին Ունաին: Եվ եթե առաջին երկուսին ֆուտբոլի սիրահարները լավ ծանոթ են, ապա Ունաին մինչև այս Մունդիալը քչերին էր հայտնի:
Ազեդինը տպավորեց գնդակի հետ վարվելու կարողություններով, դաշտի կենտրոնում համարձակ և անկաշկանդ խաղով: Եվ այդ ֆուտբոլիստը խաղում է Ֆրանսիայի առաջնության հետնապահ «Անժեի» կազմում...
Արդեն պարզ է, որ 22-ամյա կիսապաշտպանը շուտով այլ ակումբում կլինի: «Անժեի» ռեկորդային վաճառքներն են Կառլ Տոկո-Էկամբին (18 միլիոն եվրո), Նիկոլյա Պեպեն (18 միլիոն) և Ժեֆ Ռեին-Ադելաիդեն (25 միլիոն): Գրեթե կասկած չկա, որ 22-ամյա Ունաիի համար ավելի մեծ գումար է վճարվելու: L’Equipe-ն արդեն գրում է «Լեսթերի» 45-միլիոնանոց առաջարկի մասին: «Սևիլիան» նույնպես պայքարի մեջ է: Իսկ որոշ աղբյուրներ խոսում են նույնիսկ «Բարսելոնայի» մասին: Այնպես որ, Մունդիալում տրիումֆն աննկատ չի մնացել:
Սոֆիան Ամրաբատ (Մարոկկոյի հավաքական, «Ֆիորենտինա»)
Մարոկկոյի հավաքականի հենասյունը կիսապաշտպան Սոֆիան Ամրաբատն էր: 26-ամյա ֆուտբոլիստն ասես իր տեսակի շուրջ կառուցեր ամբողջ թիմը. մրցակցին խեղդող, յուրաքանչյուր մետրի համար պայքարող և ոչ ոքի չխնայող կոլեկտիվ:
Մրցաշարի ընթացքում Ամրաբատը բոլորից շատ գնդակը վերադարձրեց իր թիմին, ինչի համար արժանացավ նույնիսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գովասանքին:
Զուգահեռաբար հայտնի դարձավ, որ «Ինտերն» ու «Տոտենհեմն» արդեն հետաքրքրված են հենակետային կիսապաշտպանի ծառայություններով, իսկ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հասցրել է հանդիպել նրա գործակալի հետ: Իսպանիայում էլ Ամրաբատի խաղին հետևում են «Բարսելոնան» ու «Աթլետիկոն»: Սոֆիանը հենց մադրիդյան թիմն է նախընտրելի համարում, որովհետև նրան դուր է գալիս Դիեգո Սիմեոնեի խաղաոճը:
Իրավիճակն էլ ավելի սրեց Սոֆիանի եղբայրը՝ Նորդինը, որը խաղացել է ՊՍՎ-ում, «Մալագայում» և «Ուոթֆորդում», իսկ հիմա Աթենքի ԱԵԿ-ում է: Նա ՊՍԺ-ի ղեկավարներին կոչ է արել ձեռք բերել կրտսեր եղբորը, որովհետև «դաշտի կենտրոնում Ամրաբատ-Վերատի զույգը կատարյալ կլինի»:
Դոմինիկ Լիվակովիչ (Խորվաթիայի հավաքական, Զագրեբի «Դինամո»)
Համաշխարհային մամուլում Լիվակովիչի մասին առաջին հիշատակումներից է 2014 թվականին Tuttosport-ի հրապարակումն այն մասին, որ «Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Խորվաթիայի երիտասարդական հավաքականի և «Զագրեբ» ակումբի դարպասապահին: Անցել է 8 տարի, բայց Դոմինիկը չի հեռացել իր երկրից, այլ պարզապես տեղափոխվել է ամենահեղինակավոր ակումբ՝ «Դինամո»:
Բայց Մունդիալ-2022-ում խորվաթի պերֆորմանսն աննկատ չի մնացել: Լիվակովիչը հաղթեց հետխաղյա 11-մետրանոց երկու շարք՝ Ճապոնիայի և Բրազիլիայի դեմ: Այդ ընթացքում կրկին ակտիվացան 27-ամյա ֆուտբոլիստին վերջապես եվրոպական որևէ թոփ լիգա ուղարկելու մասին շշուկները: Մանուել Նոյերի վնասվածքից հետո առաջինը հիշատակվեց հենց Լիվակովիչի մասին, բայց Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն, լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանը չհաստատեց տրանսֆերի հնարավորությունը:
Այժմ ավելի հավանական տարբերակ է համարվում Անգլիան: Ամռանը խորվաթ դարպասապահի գործակալները նրա տրանսֆերն առաջարկել էին «Մանչեսթեր Յունայթեդին», «Լեսթերին» և «Նոթինգհեմ Ֆորեսթին», բայց բոլորն էլ այլ տարբերակներ են ընտրել: Նույնիսկ 10 միլիոն եվրո արժաղությամբ տրանսֆերը նրանց չէր գրավել: Հիմա արդեն իրավիճակը կարող է փոխված լինել:
Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիայի հավաքական, «ՌԲ Լայպցիգ»)
Մունդիալի ընթացքում տրանսֆերային լուրերից ամենացնցողը Յոշկո Գվարդիոլի՝ օրօրի աճող տրանսֆերային գինն էր: Ամենայն հավանականությամբ, հենց Կատարում ընթացող մրցաշարի ընթացքում էր որոշվում 20-ամյա խորվաթ պաշտպանի ճակատագիրը: «Լայպցիգի» ֆուտբոլիստը հաջողությամբ կարողանում է խաղալ ձախ պաշտպանի ու լատերալի, ինչպես նաև կենտրոնական պաշտպանի դիրքում՝ անկախ խաղային սխեմայից:
Վերջին մեկ ամսվա առաջին ինսայդը դեկտեմբերի 11-ին էր, երբ Foot Mercato-ն տեղեկացրեց անգլիական գրանդների պայքարի մասին. Գվարդիոլի տրանսֆերի համար «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկել էր 90 միլիոն եվրո, «Չելսին»՝ 95, իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ 110 (պարգևավճարները ներառյալ):
2 օր անց հայտնի դարձավ, որ Պեպ Գվարդիոլան արդեն զրուցել է իր գրեթե ազգանվակցի հետ, անգլիական ու գերմանական ակումբներն ակտիվ բանակցային փուլում են:
Դեկտեմբերի 15-ին ինսայդներին միացավ հեղինակավոր Ալֆրեդո Պեդուլյան՝ ներկայացնելով նոր մանրամասներ: Մադրիդի «Ռեալը» միացել է պայքարին՝ առաջարկելով 90 միլիոն եվրո տրանսֆերի համար, ինչպես նաև տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ Յոշկոյին:
Դա անհանգստացրել է «Մանչեսթեր Սիթիին» և ստիպել տրանսֆերի գինը հասցնել 130 միլիոնի՝ հաշվի առնելով հնարավոր պարգևավճարները և հետագա վաճառքից տոկոսը: Իսկ պաշտպանին «Քաղաքաբնակները» պատրաստ են 11 միլիոն եվրոյի աշխատավարձ վճարել: Անգլիայի չեմպիոնը մտադիր է գործարքը ձևակերպել հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Մեկ բան ակնհայտ է: ԱԱ-2022-ը դարձավ վերջին գործոնը, որպեսզի թոփ ակումբներին համոզի Գվարդիոլի տրանսֆերի անհրաժեշտության մեջ և նրանք միանգամից գործի անցան: Իսկ Մեսիի կողմից շրջանցված լինելը նրան չի հեղինակազրկի կամ տխրեցնի: Դրա միջով շատերն են անցել:
Գոնսալու Ռամուշ (Պորտուգալիայի հավաքական, «Բենֆիկա»)
Մինչև Մունդիալի մեկնարկն ընդամենը մեկ ընկերական խաղ ազգային հավաքականում, իսկ հետո աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում հեթ-տրիկն անհավանական սցենար էր թվում, բայց այն տեղի ունեցավ Գոնսալու Ռամուշի հետ: Շվեյցարիայի հավաքականի դեմ 1/8 եզրափակիչի խաղում 21-ամյա ֆուտբոլիստը 3 գոլով նշանավորեց Կրիշտիանու Ռոնալդուի փոխարեն մեկնարկային կազմում հայտնվելը: Դա առաջին խաղն էր մեկնարկային րոպեներից ազգային թիմի կազմում:
Չնայած Ռամուշն իրեն արդեն հասցրել էր դրսևորել նախորդ մրցաշրջանում, բայց այս տարի արդեն անհավանական արդյունավետության մակարդակի է դուրս եկել: Պորտուգալիայի առաջնությունում «Բենֆիկայի» հարձակվողը մոտ է մեկ խաղում միջինը 1 գոլ խփելուն, իսկ Չեմպիոնների լիգայում արդեն 5 գնդակ է ուղարկել մրցակիցների դարպասը:
Մունդիալում պերֆորմանսից հետո Ռամուշին ձեռք բերել ցանկացողների թվում են ՊՍԺ-ն, «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բավարիան», «Նյուքասլը» և «պորտուգալական» «Վուլվերհեմփթոնը»: «Բենֆիկան» արդեն պատասխանել է, որ հարձակվողին բաց կթողնի նրա հրաժարագնի՝ 120 միլիոն եվրոյի դիմաց: Ամենայն հավանականությամբ, դա բանակցային հնարք է, որովհետև ամռանը ակումբը պատրաստ էր ընդունել 40 միլիոն եվրոյի առաջարկները: Դժվար թե մի քանի ամսում այդ գումարը եռապատկվի, բայց միանշանակ բարձրացել է:
Մոհամեդ Կուդուս (Գանայի հավաքական, «Այաքս»)
Գանացին ոչ միայն Մունդիալի, այլ ամբողջ մրցաշրջանի բացահայտումներից մեկն է: Չեմպիոնների լիգայում նա 4 գոլ խփեց և 2 ասիստ կատարեց «Լիվերպուլի» ու «Նապոլիի» հետ միևնույն խմբում, իսկ Կատարում 3 խաղում գրանցեց 2 գոլ:
Կուդուսին «Այաքսը» 2,5 տարի առաջ է ձեռք բերել՝ վճարելով 9 միլիոն եվրո: Տևական ժամանակ թվում էր, թե տրանսֆերն իրեն չի արդարացնի, սակայն ստացվեց հակառակը: Ամստերդամում մտածում են կրկնապատկե՞ն իրենց ներդրումը, թե՞ եռապատկեն:
Պայթյունային ոճով գանացին հսկայական ինքնավստահություն ունի: Մունդիալից առաջ նա հայտարարեց, որ ոչնչով չի զիջում Նեյմարին, պարզապես բրազիլացին ավելի ճանաչված է:
Ամռանը Կուդուսը համաձայնեցրել էր անգլիական «Էվերթոնի» հետ պայմանագիրը, բայց «Այաքսը» նրան բաց չթողեց: Ֆանտաստիկ կես տարի անցկացնելուց հետո Կուդուսն արդեն «Յուվենտուսի» և այլ հեղինակավոր ակումբների ուշադրության կենտրոնում է: Նա չի ցանկանում մնալ «Այաքսում», ուստի Մոհամեդի տրանսֆերն ամիսների հարց է թվում: