Logo

Փայլուն մասնագետ, բայց չստացված դիվանագետ. Կոնտեի մասնակցությամբ սկանդալները, որ փլուզում են նրա կարիերան

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
16:36 / 30.03.2023ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Անտոնիո Կոնտեն, անկասկած, տասնամյակի ամենահաջողակ մարզիչներից է: Դրա մասին «գոռում» է վիճակագրությունը. իտալացի մասնագետը «Բարիին» վերադարձրեց Ա սերիա, 3 անգամ հաղթեց Սկուդետոն «Յուվենտուսի» հետ, Պրեմիեր լիգան՝ «Չելսիի» հետ, և հենց ինքն էլ «Ինտերի» ղեկին վերջ դրեց իր իսկ ստեղծած «Յուվենտուսի» գերիշխանությանն Իտալիայում՝ 11 տարվա դադարից հետո «Ներաձուրիներին» պարգևելով երկրի չեմպիոնությունը:

Բայց որքան արագ Կոնտեն կարողանում է արդյունք ապահովել, թույլ թիմերից չեմպիոններ կերտել, այդքան արագ էլ փչացնում է հարաբերությունները գործընկերների հետ ու հեռանում ժամանակից շուտ՝ հետևից շրխկացնելով դուռը: Տաքարյունության, երբեմն ինքնատիրապետումը կորցնելու, հրապարակային աղմկոտ ելույթների շնորհիվ նա ձեռք է բերել «Պարոն սկանդալ» մականունը, ինչը նաև իր բացասական հետևանքն է ունենում մարզիչի կարիերայի հետագա ընթացքի վրա:

Կոնտեի վերջին աշխատատեղը Լոնդոնի «Տոտենհեմն» էր, որտեղից նա հեռացավ իր «ոճով»: Ներկայացնում ենք 53-ամյա իտալացու մարզչական կարիերայի աղմկահարույց սկանդալները, որոնց պատճառով նա իր աշխատանքը չի հասցրել ավարտին:

«Յուվենտուս»

Կոնտեն «Յուվենտուսի» սիրտն ու հոգին էր, երբ դեռ ֆուտբոլիստ էր: Թուրինցիների կազմում նա 1991-2004 թվականներին անցկացրել է 300 հանդիպում, 5 անգամ դարձել Իտալիայի չեմպիոն, 1 անգամ էլ հաղթել Չեմպիոններ լիգան: 2011-ին Կոնտեն վերադարձավ հարազատ ակումբ արդեն որպես մարզիչ: Ակումբն այդ ժամանակ ինստիտուցիոնալ առումով ծանր վիճակում էր, Բ Սերիայից վերադառնալուց հետո փորձում էր դուրս գալ ճգնաժամից, և 2010/11 մրցաշրջանն ավարտել էր 7-րդ տեղում: 

Կոնտեն եկավ ու անմիջապես «պատվիրեց» իր տրանսֆերները. ակումբը գնեց Արտուրո Վիդալին ու Անդրեա Պիռլոյին, և նրանց հիման վրա իտալացի մասնագետը կառուցեց հաղթող մեքենա, որը 9 անգամ անընդմեջ նվաճելու էր «Սկուդետոն», այդ ընթացքում էլ 2 անգամ, արդեն Մաքս Ալեգրիի գլխավորությամբ, հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: 3-5-2 մարտավարությունը` BBBC քառյակի (Բուֆոն, Բարձալի, Բոնուչի, Կյելինի) գլխավորությամբ դարձավ «Յուվեի» այցեքարտը:

Antonio Conte, the coach who brings success – and suffering

Այդուհանդերձ, 2014-ի հուլիսի 15-ին Կոնտեն «Յուվենտուսին» ասաց «չաո»: Նա շաբաթներ առաջ էր երկարաձգել պայմանագիրն ու միավորների քանակով Ա սերիայում ռեկորդ գրանցել (102), բայց տրանսֆերային քաղաքականության վերաբերյալ տարաձայությունների պատճառով նա հեռացավ միջմրցաշրջանի մեկնարկից օրեր առաջ. «Տպավորություն ունեմ, որ ինձ ստիպեցին կայացնել այս որոշումը: Հաղթելը դժվար է: Մեծ ջանքեր է պահանջվում հատկապես «Յուվեում», որտեղ այլ արդյունքն անընդունելի է: Բայց ես արդեն ապացուցել եմ, որ հաղթող եմ»,- նշեց Կոնտեն հրաժեշտի խոսքում: 

«Ցնցված եմ Կոնտեի որոշումից: Ստիպված ենք ամեն ինչ սկսել զրոյից մի թիմի հետ, որն ունի մեծ ներուժ և պրոֆեսիոնալիզմ»,- վստահեցրեց «Յուվեի» նախագահ Անդրեա Անյելին:

«Չելսի»

Կոնտեն «Չելսիի» հետ պայմանագիր կնքեց 2016-ին՝ Իտալիայի հավաքականի ղեկին Իսպանիայի թիմին Եվրո-2016-ի փլեյ-օֆֆում դուրս թողնելուց և թիմի հետ մինչև 1/4 եզրափակիչ հասնելուց հետո: «Կապույտները» մրցաշրջանն ավարտել էին 10-րդ տեղում, ինչը նրանց վատագույն ցուցանիշն էր Պրեմիեր լիգայում 1996-ից հետո: Ինչպես «Յուվենտուսի» դեպքում, «Չելսիում» էլ Կոնտեն պետք է նոր թիմ կառուցեր ու չեմպիոն ստեղծեր:

Դա իտալացուն հաջողվեց անել առաջին իսկ մրցաշրջանում, ինչպես եղավ նաև Թուրինում: Կրկին 3 կենտրոնական պաշտպանով սխեմայով (ինչը անսովոր երևույթ էր ԱՊԼ-ում), «Չելսին» Կոնտեի գլխավորությամբ մեծ առավելությամբ դարձավ Անգլիայի չեմպիոն: Մարզիչը կարողացավ նաև առավելագույնը քաղել Դիեգո Կոստայից, Էդեն Ազարից, Սեսկ Ֆաբրեգասից, Պեդրոյից, Նգոլո Կանտեից...

Իներցիայի ուժը և այն բազան, որն ուներ թիմը, նախորդ մրցաշրջանից մղեցին «Չելսիին» ևս մեկ տիտղոս նվաճելու, այս անգամ՝ Անգլիայի գավաթը, բայց հանդերձարանում մթնոլորտն արդեն լավը չէր: Կոնտեն այս անգամ էլ մեծ վեճ էր ունեցել Դիեգո Կոստայի հետ, որին նույնիսկ դուրս էր թողնում հայտացուցակներից: 

Seven players who fell out with Antonio Conte: Costa, Buffon, Willian...

Չնայած այն հանգամանքին, որ Կոնտեն ֆուտբոլիստ եղել էր ու լավ ծանոթ էր այդ հոգեբանությանը, իտալացին լարված հարաբերությունների մեջ էր իր խաղացողների հետ: Նա ցանկանում էր իր մեթոդները պարտադրել բոլորին, փոխել հանդերձարանի ու ներքին խոհանոցի բոլոր կանոնները, փոխել նույնիսկ մարզումների ժամերը, և այդ ամենն առաջացրեց շատերի զայրույթը՝ իր բոլոր հետևանքներով: 

Բայց այսքանով «Չելսիի» ու Կոնտեի միջև ճգնաժամը չավարտվեց: Կողմերը փոխադարձ համաձայնության չհասան, Կոնտեն հատուցում էր պահանջում իրեն ու իր շտաբին պարզապես հեռացնելու համար, գործը հասավ մինչև դատարան: Ի վերջո՝ մարզիչը հաղթեց երկարատև դատը, ինչից հետո «Չելսին» 30 միլիոն եվրո վճարեց իտալացուն։

«Կոնտեի օրոք հաղթեցինք մեր 6-րդ լիգան ու 8-րդ գավաթը: Հաղթական մրցաշրջանում «Չելսին» ռեկորդային քանակի (30) հաղթանակ տարավ 38 տուրում: Հաջողություն ենք մաղթում Կոնտեին հետագա կարիերայում», - այսպիսի հաղորդագրությամբ լոնդոնցիները հրաժեշտ տվեցին Կոնտեին: Համագործակցություն, որը հաջողակ էր, բայց տևեց շատ կարճ:

Չստացված տեղափոխությունը «Ռեալ»

Մինչև նոր աշխատանք գտնելը, Անտոնիո Կոնտեն մոտ էր Մադրիդի «Ռեալը» գլխավորելուն: 2018-ի հոկտեմբերին էր, երբ շրջանառվում էր նրա անունը մամուլում, այդ օրերին «Արքայական ակումբը» Խուլեն Լոպետեգիին հեռացրել էր զբաղեցրած պաշտոնից:

Մադրիդյան ակումբը փնտրում էր ամուր բնավորությամբ մասնագետի, որը կունենար հեղինակություն, ինչպես, օրինակ, Ժոզե Մոուրինյոն: Կոնտեն լավ տարբերակ էր, բայց նրա սկանդալային լինելու համբավը խանգարեց գլխավորել աշխարհի լավագույն ակումբներից մեկը։

«Հարգանքը վաստակում են, ոչ թե պարտադրում: Շատ մարզիչների հետ ենք տիտղոսներ նվաճել: Հանդերձարանի մթնոլորտը, ֆուտբոլիստների հետ ճիշտ աշխատանքն ավելի կարևոր է, քանի ֆուտբոլի մասին գիտելիքները»,- հայտարարեց Սերխիո Ռամոսը՝ խոսելով Կոնտեի հնարավոր նշանակումից:

Real Madrid news: Antonio Conte responds to Sergio Ramos: A coach expects  respect | Goal.com US

Կոնտեն էլ, իր հերթին, Սանտիագո Սոլարիի՝ «Ռեալը» գլխավորելուց հետո պատասխանել էր Ռամոսին Rai Sport-ի եթերում. «Երբ մարզիչը գալիս է ինչ-որ թիմ, այո՛, պետք է իր հետ բերի հարգանք ու լավ վերաբերմունք, բայց նաև պետք է ստանա նույնը ֆուտբոլիստներից: Երբ դա չի լինում, սկսվում են խնդիրները»:

«Ինտեր»

«Ինտերի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան, որը «Յուվենտուսում» աշխատել էր Կոնտեի հետ, որոշեց «նույն գետը երկրորդ անգամ մտնել», և 2019-ին հրավիրել իտալացի մասնագետին «Սկուդետոն» ավելի քան 10 տարվա դադարից հետո նվաճելու երազանքով: 

Այս անգամ Կոնտեին դա անել հաջողվեց ոչ թե առաջին, այլ երկրորդ տարվա ընթացքում. նա վերջ դրեց «Յուվենտուսի» հեգեմոնիային և «Ինտերի» հետ դարձավ Իտալիայի չեմպիոն: 

«Ինձ մեծ պրոֆեսիոնալ եմ համարում և «Ինտերի» մեծ երկրպագու: Բայց երբ ճանապարհ ես սկսում, պետք է համբերություն ունենաս: Իրականում՝ այստեղ տեսնում եմ լուրջ խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում», - նշեց Կոնտեն առաջին մրցաշրջանի ավարտից հետո ու արդեն հաջորդ տարի լուծեց իր իսկ նշած խնդիրները: Կրկին թիրախային տրանսֆերներ պահանջեց ղեկավարությունից և տարբեր դիրքերում ստացավ լուրջ համալրումներ՝ Լուկակու, Հակիմի, Բարելա, Վիդալ, Ալեքսիս Սանչես:

Inter's Conte rejected chance to manage Real Madrid

Բայց այստեղ էլ Կոնտեի «վերջը» իրեն երկար չսպասեցրեց: «Ինտերի» հետ Իտալիայի չեմպիոն հռչակվելուց օրեր անց մարզիչը կրկին ասաց «արիվերդեչի»: «Ինտերն» ուներ ֆինանսական խնդիրներ ու պատրաստվում էր մեծ գումարներ ստանալ առաջատարների՝ Լուկակուի ու Հակիմիի վաճառքից, իսկ Կոնտեն ակումբի՝ մարզական նախագծի այդ հետքայլը պարզապես չհանդուրժեց: «Ինտերը» շնորհակալական հաղորդագրությամբ հրաժեշտ տվեց Կոնտեին, մինչդեռ իտալացու հրաժեշտի խոսքն այնքան էլ սիրալիր չէր. «Շատ մեծ ջանքեր եմ գործադրել «Ինտերում» «Սկուդետոն» նվաճելու համար: Բայց հիասթափությունս մեծ է ակումբի ծրագրերի փոփոխությունից. սա այն չէր, ինչ ես սպասում էի»:

«Տոտենհեմ»

Կոնտեն կրկին մնաց առանց ակումբի. «Հանգստանալու կարիք էի զգում»,- վստահեցրեց նա: Այդուհանդերձ, 2021-ի նոյեմբերին Նունու Էշպիրիտու Սանտուին հեռացնելուց հետո «Տոտենհեմի» մենեջեր Ֆաբիո Պարատիչին, որը «Յուվեում» աշխատել էր Կոնտեի հետ, զանգեց իր վաղեմի ծանոթին ու աշխատանք առաջարկեց Լոնդոնում։

«Միայն Պրեմիեր լիգայում աշխատելու հաճույքը ինձ կստիպի վերադառնալ աշխատանքի: «Ինտերում» գրանցեցի իմ մեծագույն հաջողությունը, բայց «Տոտենհեմն» իմ մեծագույն մարտահրավերն է», - հայտարարեց մասնագետը La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցում: 

Սակայն այս մարտահրավերն էլ երկար կյանք չունեցավ: «Տոտենհեմն» 9-րդն էր մրցաշարային աղյուսակում, երբ Կոնտեն գլխավորեց թիմը: Իտալացին առաջին իսկ մրցաշրջանում թիմին պարգևեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Հյուսիսլոնդոնցիներն այժմ էլ 4-րդն են ԱՊԼ-ում, բայց թիմի դինամիկան լավը չէ, խաղն էլ չի տպավորում: «Սաութհեմփթոնի» հետ խաղից հետո, որում «Տոտենհեմը» բաց թողեց 2 գոլի առավելությունը, Անտոնիո Կոնտեն պարարտ հող ստեղծեց իր հեռացման համար. «Խնդիրն այն է, որ մեր մեջ թիմային ոգին բացակայում է, մենք մի թիմ չենք: Եսասեր ֆուտբոլիստներ կան այստեղ, սա է «Տոտենհեմի» պատմությունը: Այս ակումբի սեփականատերը նույնն է արդեն 20 տարի, ու նրանք ոչինչ չեն հաղթել: Ինչո՞ւ: Միշտ մեղադրում են նախագահին, մարզիչին, իսկ ֆուտբոլիստներին ոչ ոք ոչինչ չի ասում: Այստեղ կարող են անվերջ մարզիչներ փոխվել, բայց արդյունքը կմնա նույնը, հավատացեք ինձ», - ասաց Կոնտեն, հեռացավ ասուլիսների սրահից ու օրեր անց արդեն լքեց «Տոտենհեմը»:

Antonio Conte is like an arsonist – Daniel Levy had no choice but to sack  him

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ