Դարպասապահները միշտ եղել են հոկեյի ամենախիզախ հերոսները։ Ի տարբերություն հարձակվողի՝ դարպասապահը չունի երկրորդ հնարավորություն: Նա պետք է անսխալ լինի՝ միևնույն ժամանակ պայքարելով ոչ միայն մրցակցի, այլ նաև իր հույզերի դեմ։ Նրանցից շատերն այս մասնագիտությունը դարձրին արվեստ. նրանք ոչ միայն սկսեցին պաշտպանել դարպասը, այլև փոխեցին խաղը:
2003 թվականի դրաֆթը որոշիչ դարձավ «Փիթսբուրգի» համար։ Ակումբն առաջին համարով ընտրեց 18-ամյա Մարկ-Անդրե Ֆլյորիին՝ դարձնելով նրան NHL-ի պատմության մեջ երրորդ դարպասապահը, որին ընտրում են առաջին համարով: «Փիթսբուրգ Պինգվինսը» նրան վստահեց դարպասապահի դիրքը: Մի թիմ, որը կառուցում էր իր ապագան երիտասարդ տաղանդների շուրջ՝ Քրոսբի, Մալկին, Լետանգ... Եվ Ֆլյորի։ Բայց ճանապարհը հեշտ չէր։ Սկզբում նրան քննադատում էին սխալների համար, բայց 2008 ու 2009 թվականների եզրափակիչները 180 աստիճանով փոխեցին Հոկեյի ազգային լիգայի երկրպագուների կարծիքը նրա մասին: Ֆլյորին դարձավ «Պինգվինսի» վերածննդի առանցքային կերպարներից։
Քրոսբիի, Մալկինի ու Ֆլյորիի առաջին չեմպիոնությունը
2007/08 մրցաշրջանում «Փիթսբուրգը» հասավ Մեծ եզրափակիչ, սակայն հաջողության հասնելու համար ինչ-որ բան չհերիքեց Միշել Տերյենի գլխավորած թիմին։ Stanley Cup Finals-ում «Դետրոյթից» 6 խաղ պահանջվեց առավելության հասնելու համար: Եզրափակիչ դիմակայությունը ձախողելուց հետո վերականգնողական պրոցեսը ժամանակատար էր: Նոր մրցաշրջանն էլ սարերի հետևում չէր: Թիմը միավորեց փորձն ու կորուստից ստացած դասերը՝ նոր նպատակին հասնելու համար։ 2009թ. ձմռանը Միշել Տերյենին եկավ փոխարինելու Դեն Բայլսման, և թիմը նոր գլխավոր մարզչի հետ սկսեց պատրաստվել փլեյ-օֆֆին: Կանոնավոր առաջնությունը «Փիթսբուրգն» ավարտեց՝ զբաղեցնելով Արևելյան կոնֆերենցիայի երկրորդ հորիզոնականը: Post-season-ում հերթը հասավ Ֆլյորիին: Կանադացի դարպասապահը ցուցադրեց անհավանական կայունություն ու մասնակցեց բոլոր 24 հանդիպումներին: Այդ ընթացքում սեյվերի տոկոսը Ֆլյորին հասցրեց .930-ի: «Պինգվինները» պայքարից դուրս թողեցին «Օտտավային», «Նյու Յորք Ռեյնջերսին» ու «Ֆիլադելֆիային»՝ back to back նվաճելով Սթենլիի եզրափակիչի ուղեգիր: Այս անգամ էլ ֆիլմի դերակատարները նույնն էին, սակայն սցենարն էր այլ: Եզրափակիչ սերիայում Ֆլյորին ուղղակի փայլեց:
2009 թվական, հունիսի 13. Սթենլիի եզրափակիչի 7-րդ խաղում «Ռեդ Ուինգզը» տանը սպասում էր Դեն Բայլսմայի «Փիթսբուրգին»: Այդ երեկո այն, ինչ արեցին «Պինգվինները» Ջո Լուիի անունը կրող արենայում, հավերժ կմնա NHL-ի պատմության մեջ: «Փիթսբուրգը» համառ պայքարում հաղթեց 2-1 հաշվով ու 17 տարվա դադարից հետո Սթենլին վերադարձրեց Փենսիլվանիա: Նույնիսկ եզրափակիչի վերջին խաղում Ֆլյորին սեյվերի տոկոսը հասցրեց .937-ի: 2009թ. The Flower-ն իր անթերի խաղով փրկեց «Փիթսբուրգին», գրավեց բոլորի սրտերն ու «Պինգվիններին» օգնեց հասնել NHL-ի բարձունք: Այդ օրվանից հետո Ֆլյորին պարզապես տաղանդավոր դարպասապահ չէր, այլ հաղթող կերպար: Հետագայում նա ևս երկու անգամ գլխավերևում պահեց Սթենլիի գավաթը՝ 2016 և 2017 թվականներին։ Թեև այդ ժամանակ դարպասապահի պարտականությունները կիսում էր Մեթ Մառեյի հետ, այդուհանդերձ, նրա փորձն ու ներկայությունը թիմում անփոխարինելի էին։
«Փիթսբուրգի» ու Ֆլյորիի սիրո պատմությունն ավարտվեց 2017 թվականին
Փենսիլվանիան ներկայացնող ակումբի ղեկավարությունը որոշեց Ֆյլորիին թողնել առանց պաշտպանության, և Expansion Draft-ում նրան ընտրեց նորաստեղծ «Վեգաս Գոլդեն Նայթսը»։ Շատերը մտածում էին՝ Ֆլյորիի կարիերան մոտենում է մայրամուտին, բայց տեղի ունեցավ հակառակը։ Նա դարձավ նորաստեղծ «Վեգասի» մշակույթի հիմնաքարը և տպավորիչ սեյվերով ուղեկցեց թիմին մինչև Սթենլիի գավաթի Մեծ եզրափակիչ։ Ֆլյորին տարիների ընթացքում վերածվեց ֆենոմենի ոչ միայն իր խաղով, այլև հումորով ու յուրահատուկ կերպարով:
Վեգասից հետո հաջորդ կանգառները Չիկագոյում ու Մինեսոտայում էին։ 2021թ. նա ստացավ իր կարիերայի միակ Vezina Trophy-ն՝ ճանաչվելով NHL-ի լավագույն դարպասապահ։ Այդ նվաճումը հաստատեց նրա տեղը մեծերի կողքին։
Սթենլիի 3 գավաթ, 1 Վեզինա Տրոֆի, 575 հաղթանակ: Նույնիսկ կարիերայի վերջին տարիներին խաղալով «Բլեքհոքսում» ու «Ուայլդում»՝ նա շարունակում էր նույն ոգով պաշտպանել դարպասը: Եվ ամեն անգամ, երբ հարազատ երկրպագուներն ու փոքրիկ երեխաները դիտում էին նրա՝ անհավանական թվացող սեյվերը, նրանք գիտեին, որ իրենց դիմաց ոչ թե պարզապես մարզիկ է, այլ մարդ, որը դարձել է NHL-ի սիրտն ու հոգին։ Նրա խաղի յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր սեյվ դուրս էին վիճակագրության սահմաններից:

The Flower-ի վերջին էջը
21 մրցաշրջաններից հետո՝ 2025 թվականի գարնանը, Ֆլյորին պաշտոնապես հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Բայց «Ծաղկի» ոճին բնորոշ էր նաև նրա անակնկալ վերադարձը։ Սեպտեմբերի 13-ին «Պինգվինզի» ղեկավարությունը հայտարարեց, որ 40-ամյա Ֆլյորին կնքել է Professional TryOut (PTO) պայմանագիր ու վերջին անգամ դուրս կգա սառույց հարազատ PPG-ում: Նախ՝ կմասնակցի սեպտեմբերի 26-ի մարզմանը, իսկ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, կմասնակցի նախամրցաշրջանային հանդիպմանը, որտեղ «Փիթսբուրգը» կհանդիպի «Կոլամբուս Բլու Ջեքեթսին»: PTO-ն պարզապես պայմանագիր չէ. այն խորհրդանշական ժեստ է, որը հնարավորություն է տալիս հոկեյիստներին հրաժեշտ տալու երկրպագուներին:
Նա միշտ ժպտում էր, նույնիսկ այն ժամանակ, երբ սառույցի մյուս բևեռում փոթորիկ էր, իսկ փլեյ-օֆֆի ճնշումը շնչահեղձ էր անում շատերին: Ֆլյորիի ժպիտի հետևում թաքնված էր մի կերպար, որի բնույթը կոփվել էր ճակատագրի ամենաբարդ բախումներում: Հիմա կանադացին վերադարձել է տուն, որտեղից էլ սկսվեց նրա հեքիաթը:


