Logo

Փրկօղակ Marvel-ի համար. երրորդ «Գալակտիկայի պահապանները» Ջեյմս Գաննի հրաժեշտի հրաշալի նվերն է

Հեղինակ
Արման Գասպարյան
17:04 / 12.05.2023Վերլուծություն
Բացառիկ
Գալակտիկայի պահապանները-111

Ժամանակներում, երբ ստեղծագործող մարդկանց առանց դատարանի վճռի կարող են դատապարտել cancel culture-ի՝ Լինչի դատաստանի կանոններով, ռեժիսոր Ջեյմս Գաննը բացառիկ հաջողակ է։ Մի քանի տարի առաջ նրան cancel արեցին Թվիթերում վաղուց արված գրառումների համար, ապա` Disney-ը հայտարարեց ռեժիսորի հետ կապերը խզելու մասին, ինչից հետո Marvel-ի կինեմատոգրաֆիկ տիեզերքի մի շարք դերասաններ բողոքի ձայն բարձրացրին, ու որոշ ժամանակ անց Գաննը վերադարձավ, ստացավ լիարժեք ստեղծագործական ազատություն ու $250 մլն բյուջե` իր «Գալակտիկայի պահապանների» (Guardians of the Galaxy) երրորդ մասը նկարելու համար։ Այս ընթացքում Գաննը հասցրեց Marvel-ի մրցակից DC-ի համար նկարել հիասքանչ «Ինքնասպանների ջոկատը» (The Suicide Squad) կինոկոմիքսն ու է՛լ ավելի սքանչելի «Խաղաղարարը» (Peacemaker) սերիալը, իսկ հիմա արդեն ղեկավարում է DC-ի ամբողջ ստեղծագործական թիմն ու կանխորոշում այդ կինեմատոգրաֆիկ տիեզերքի զարգացումը։

Բայց վերադառնանք «Գալակտիկայի պահապանների» երրորդ մասին, որը մենք դիտել ենք ու ներկայացնում ենք տպավորությունները․

Կինոկոմիքսի սյուժեի մասին խոսելն անշնորհակալ գործ է, ուղղակի կասենք, որ այս անգամ Պիտեր Քուիլը (նույն ինքը` Աստղային լորդը) թիմի հետ բախվելու է նոր չարագործի հետ, ու այդ բախման ընթացքում Պահապանները բացահայտվելու են լրիվ նոր կողմից։

Հասկանալու համար, թե ինչպես Գաննը կարողացավ Marvel-ի կինեմատոգրաֆիկ տիեզերքի ոչ լավագույն ժամանակահատվածում (երբ մեկը մյուսի հետևից էկրաններ են բարձրանում ակնհայտ անորակ կինոկոմիքսներ) փրկել իրադրությունն ու հանդիսատեսին տալ իրոք արժեքավոր ստեղծագործություն, անհրաժեշտ է մի փոքր փորփրել ռեժիսորի ոգեշնչման աղբյուրները։

Եթե հանճարեղ Քվենտին Տարանտինոյի համար ստեղծագործական դարբնոց էր VHS ֆորմատի ֆիլմերի խանութում աշխատելը, ինչը թույլ էր տալիս նրան ճամփորդել անթիվ-անհամար աշխարհներով ու բազում պատմություններ լսելով՝ հղկել սեփական աշխարհներն ու պատմությունները, ապա մեկ այլ հանճարի՝ Գաննի ստեղծագործական դարբնոցը լեգենդար Լլոյդ Քաուֆմանի Troma Entertainment կինոընկերությունն էր։

Դիրքավորված որպես անկախ ժանրային կինոյի արտադրությամբ զբաղվող ընկերություն՝ իրականում Troma-ն նկարում էր ցածրաբյուջե B կատեգորիայի ֆիլմեր, որոնք մի քանի ցենտով ցուցադրվում էին ավտոկինոթատրոններում։ Ժամանակի հետ կուլտային դարձած այդ ֆիլմերի արտադրությանը, ամենատարբեր պաշտոններում՝ սցենարիստից մինչև երաժիշտ, մասնակցում էր այն տարիներին դեռ անփորձ Գաննը։ Հենց Troma-ի տված ստեղծագործական ազատությունը, փոքր բյուջեի սահմաններում մեծ ամբիցիաները տեղավորելու համար անհրաժեշտ հնարամտությունն ու էքսպերիմենտների հնարավորությունը Գաննին դարձրին Գանն։

Գաննի բոլոր ֆիլմերը Troma-ում ձեռք բերված կենսափորձի արդյունքն են։ Ու հենց դրա շնորհիվ է, որ Գաննի ցանկացած ֆիլմ իր համար խիստ անձնական է, ու զգալիորեն ավելի շատ ստեղծագործողի հեղինակային ասելիք, քան ստուդիական ղեկավարների կողմից նախանշված ուղու մաս։ Հիշեք առաջին ու երկրորդ «Գալակտիկայի պահապանները». դրանք MCU-ի ամենաունիկալ, առանձնացող, խելահեղ ու «ջիգյարով» ֆիլմերն էին` ազատ մյուսների «բազմաշերտ ու ծանր ինտելեկտուալությունից» ու «խրատական հայտարարություններից». զվարճանք` բառի ամենաազնիվ ու մաքուր իմաստով։ Միաժամանակ, առաջին երկու ֆիլմերում առկա էր նաև բարոյական ասելիքը` ընտանեկան արժեքների, իրական ու կեղծ ընտանիքի մասին։

Երրորդ ֆիլմը կրկին Գանն-ստեղծագործողի կենդանի, ակտիվ ու պրպտող մտքի արգասիքն է։ Ու ինչպես ցանկացած կենդանի միտք, ինչպես ցանկացած բան, ինչն իրավունք ունի կենդանի արարած կոչվելու, երրորդ «Գալակտիկայի պահապանները» ևս կատարելապես «լպստված», ստերիլ ու ցանկացած տիպի էմոցիոնալ, սոցիալական ընկալման խոտաններից պրոդյուսերական խարտոցով շտկված անդեմ պրոդուկտ չէ, ինչպես MCU-ի վերջին բոլոր ֆիլմերը։ Երրորդ «Գալակտիկայի պահապանները» կենդանի պատում է` պատմված խարույկի մոտ, ոչ առանց անհարթությունների ու սումբուրի, բայց, ընդհանուր պատկերով, այնքան հրաշալի ու սիրուն, որքան հրաշալի ու սիրուն կարող է լինել կենդանի արարածը, կենդանի շփումը, կենդանի միտքը։

Երրորդ ֆիլմը ոչ միայն ինքն է կենդանի օրգանիզմ, այլև ինքնին` կենդանի օրգանիզմների ապրելու նվազագույն իրավունքը պաշտպանելու խիստ տպավորիչ կոչ, ու խոսքը ոչ միայն ու ոչ այնքան «բարձրագույն կենդանի օրգանիզմների» մասին է։ Աշխարհում, որտեղ սկսվել է կենսաբազմազանության հերթական մասսայական անհետացումը` անտրոպոցենը (անվանումից արդեն պարզ է, որ պատճառը մարդն է` «բարձրագույն կենդանի օրգանիզմը»), Գաննի ֆիլմը զգաստության կոչ է, ու, վստահաբար, շատ ավելի ազդեցիկ, քան ցանկացած գիտնականի նախազգուշացում։

Ու իր հայտարարության համար Գանն անգամ դիմում է «չթույլատրված» հնարքների, ինչի արդյունքում կինոկոմիքսը վերածվում է հանդիսատեսի համար խիստ տրավմատիկ, ցավեցնող պատմության։ Ֆիլմի արժանիքն ու կարևորությունը նաև այն է, որ, ի տարբերություն աշխարհը, տիեզերքը կամ համայն  մուլտիվերսը փրկելու մասին հերթական պատմության, Գանն այստեղ պատմում է ընդամենը մեկ ընկերոջ, ընտանիքի մեկ անդամի կյանքը փրկելու մասին։ Ու այդ պրոցեսն անգամներ ավելի էպիկ է, զգալիորեն ավելի էմոցիոնալ, քան տիեզերքների ու տրիլիոնավոր հոգիների փրկությունը։

Գանն էլ, իր հերթին, որպես հրաժեշտի նվեր, փրկում է MCU-ն։ Իհարկե, քիչ հույս կա, որ խեղդվողն ըստ արժանվույն կգնահատի իր ուղղությամբ նետված փրկօղակը, սակայն, ինչպես Գաննի բոլոր ֆիլմերում, հույսը ամեն ինչի առանցքում է։ 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ