Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) փոխել է 11–մետրանոցի ժամանակ 2 հպման կանոնը:
Նոր օրենքով՝ եթե 11-մետրանոցի ժամանակ ֆուտբոլիստը պատահականորեն 2 հպում է կատարում գնդակին և գրավում է դարպասը, ապա մրցավարը պարտավոր է հարվածը կրկնելու հրահանգ տալ: Իսկ եթե նույն իրավիճակում չի գրավում դարպասը, նշանակվում է անուղղակի ազատ հարված (մրցավարը կարող է չնշանակել անուղղակի ազատ հարված, եթե չսուլելու դեպքում պաշտպանվող թիմի համար կարող է ստեղծվել ավելի նպաստավոր իրավիճակ):
Հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ նմանատիպ հարվածը կգրանցվի որպես չիրացված:
Ֆուտբոլի նոր օրենքը կգործի հուլիսի 1-ից:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի «Աթլետիկո» – «Ռեալ» հանդիպման հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ Խուլիան Ալվարեսի գոլը չէր արձանագրվել, քանի որ մրցավարն արգենտինացու հարվածի ժամանակ գնդակին 2 հպում էր նկատել:


