Logo

Փոլ Այոնգոյի հաղթական գոլը նորամուտի խաղում, «Փյունիկը» կրկին չհաղթահարեց հունգարական արգելապատնեշը. ԿԼ 2 հանդիպումները՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:27 / 01.08.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան հանդիպումներում հաջողությունն ուղեկցեց միայն «Արարատ-Արմենիային», որը ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» հետ արտագնա խաղում լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ ու մտավ հաջորդ փուլ, որտեղ կմրցի չեխական «Սպարտայի» հետ: Իսկ «Փյունիկը» հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվեց հունգարական «Դյորին» և ավարտեց ելույթները եվրագավաթներում:

FastNews-ը հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստով:

1. «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում 7-րդ անգամ հաղթահարեց մրցակցի արգելքն ու մտավ հաջորդ փուլ: Նախորդ առաջնության արծաթե մրցանակակիրը 3-րդ անգամ էր եվրագավաթներում պայքարը սկսում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլից: Առաջին անգամ դա տեղի էր ունեցել 2022/23թթ. մրցաշրջանում: Էստոնական «Պայդեի» հետ կայացած երկու խաղերում էլ գոլազուրկ ոչ-ոքի էր գրանցվել, իսկ հետխաղյա 11մ հարվածաշարում 5-3 հաշվով հաղթել էր մրցակիցը:

Եվրագավաթների 2024/25թթ. խաղարկության մեկնարկն ավելի հաջող էր «Արարատ-Արմենիայի» համար, որը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում պայքարից դուրս էր մղել մոլդովական «Զիմբրուին»՝ 3-0, 3-1:

2. «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում անցկացրած 24 հանդիպումներում հոբելյանական՝ 10-րդ հաղթանակը տոնեց: Մնացած խաղերից 7 -ն ավարտվել է ոչ-ոքի, 7-ում թիմը պարտվել է, խփել է 36 գոլ, բաց է թողել 29 գնդակ: «Արարատ-Արմենիան» եվրագավաթների մասնակից հայկական 18 թիմերից միակն է, որ ունի խփած և բաց թողած գնդակների դրական տարբերություն:

3. «Փյունիկն» առաջին անգամ չհաղթահարեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի արգելքը: Նախորդ երկու փորձերը թիմի համար հաջողությամբ էին ավարտվել: 2023/24թթ. մրցաշրջանում փյունիկցիները երկու հանդիպումներում էլ միևնույն 2-1 հաշվով հաղթել էին շվեդական «Կալմարին»:  Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ խաղարկության 2-րդ փուլում «Փյունիկը» պայքարից դուրս էր թողել Հս. Մակեդոնիայի «Ստրուգային»՝ 1-2, 3-1:

4. «Արարատ-Արմենիան» բավական հաջող է հանդես գալիս եվրագավաթների որակավորման 2-րդ փուլում՝ անցկացրած 11 հանդիպումներում տոնելով 6 հաղթանակ, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով միայն մեկ պարտություն, խփելով 17 գոլ, բաց թողնելով ընդամենը 8 գնդակ: Միակ պարտությունն Արարատ-Արմենիան» կրել է 2023/24թթ. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում հունական «Արիսից»՝ 1-1, 0-1:

Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարերում էլ թիմի ցուցանիշները դրական են՝ 3 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 2 պարտություն, խփած և բաց թողծ գնդակների տարբերությունը՝ 17-13:

5. «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում առաջին անգամ մրցեց ռումինական ակումբի դեմ: «Ունիվերսիտատեա Կլուժը» Ռումինիայի 7-րդ ներկայացուցիչն էր, որը ևս առաջին անգամ խաղաց հայկական ակումբի հետ: Հայաստանի կրկնակի չեմպիոնը դարձավ ռումինական արգելապատնեշը հաղթահարած հայկական 3-րդ ակումբը:

Նախկինում հայկական թիմերին միայն երկու անգամ է հաջողվել հաղթահարել ռումինացիների արգելքը: 1999/2000թթ. Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում «Արարատը» երկու խաղերում էլ նվազագույն հաշվով հաղթել է «Բաքեուին»: 2022/23թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում էլ «Փյունիկը» պայքարից դուրս է մղել «Կլուժին» (0-0, 2-2, 4-3՝11մ):

Հայ-ռումինական ֆուտբոլային դիմակայության 17 հանդիպումներից միայն 5-ում են հաղթել հայկական թիմերը, 3-ում գրանցվել է ոչ-ոքի, 9-ում հաջողության են հասել ռումինական ակումբները: Գնդակների տարբերությունն էլ ռումինացիների օգտին է՝ 34-15:

6. Իսկ ահա «Փյունիկը» եվրագավաթներում 2-րդ անգամ մրցելով հունգարական թիմի հետ, կրկին դուրս մնաց հետագա պայքարից: Հունգարացիների հետ փյունիկցիների առաջին ծանոթությունն էլ անհաջող էր ավարտվել: 1997/98թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոնը երկու խաղերում էլ պարտվել էր ՄՏԿ-ին՝ 0-2, 3-4:

«Դյորը» հունգարական 8-րդ ակումբն էր, որ եվրագավաթներում մրցեց հայկական թիմի հետ: Հունգարական թիմերի հետ անցկացված 20 հադիպումներում հայկական ակումբները 5 հաղթանակ են տոնել, 3 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 12 պարտություն, խփել են 25 գոլ, բաց են թողել 36 գնդակ:

7. Մանուել Տուլիպան դարձավ եվրագավաթներում նորամուտը հաջորդ փուլի ուղեգրի նվաճմամբ նշած 17-րդ մարզիչը:

Նախկինում նման ցուցանիշ էին գրանցել Սամվել Դարբինյանը, Արկադի Անդրեասյանը, Օսկար Լոպեսը, Միխայ Ստոյկիցան, Վարդան Մինասյանը, Աշոտ Բարսեղյանը, Արմեն Գյուլբուդաղյանցը, Վարդան Բիչախչյանը, Սամվել Սարգսյանը, Աբրահամ Խաշմանյանը, Անդրեյ Տալալաևը, Ալեքսանդր Տարխանովը, Ալեքսանդր Գրիգորյանը, Վահե Գևորգյանը, Ռուի Մոտան և Սանդրո Պերկովիչը:

8. Փոլ Այոնգոն «Արարատ-Արմենիայի» կազմում նորամուտը գոլով նշեց՝ թիմին հաջորդ փուլի ուղեգիր պարգևելով: Գանացի հարձակվողն ընդգրկվեց եվրագավաթներում թիմի կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ հաղթական գոլը խփելով 28 տարեկան 257 օրականում:

9. Կամո Հովհաննիսյանն էլ բացեց գոլերի հաշիվը եվրագավաթներում «Արարատ-Արմենիայի» կազմում՝ խփելով 2-րդ գնդակը հայկական ակումբներում: Կամոն գոլերի հաշիվը բացել էր «Փյունիկում» 2015/16թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում Սան Մարինոյի «Ֆոլգորեի» հետ կայացած արտագնա խաղում:

Կամո Հովհաննիսյանը դարձավ եվրագավաթներում «Արարատ-Արմենիայում» գոլ խփած ամենատարեց հայ ֆուտբոլիստը՝ մրցակցի դարպասը գրավելով 32 տարեկան 299 օրականում:

10. Էրիկ Օկանսին «Փյունիկում» նորամուտը գոլով նշեց՝ խփելով եվրագավաթներում իր 3-րդ գնդակը: Նա գոլերի հաշիվը բացել էր «Արարատ-Արմենիայում» Կոնֆերենցիաների լիգայի նախորդ խաղարկության որակավորման 1-ին փուլում մոլդովական «Զիմբրուի» հետ անցյալ տարվա հուլիսի 25-ին կայացած արտագնա խաղում՝ դառնալով դուբլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ