Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» և նորվեգական «Բուդյո Գլիմտի» միջև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպման մուտքը կլինի ազատ, հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով «Փյունիկ» - «Բուդյո-Գլիմտ» խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև տոմսերի վաճառքի հետ առաջացած բարդությունները, մեր ակումբը առաջին տեղում դնելով երկրպագուների շահերը՝ որոշում է կայացրել Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ մուտքը այս խաղի համար բոլոր երկրպագուների համար դարձնել անվճար։
Ներողություն ենք խնդրում բոլորից առաջացած անհարմարությունների համար ու հավաստիացնում, որ արդեն գնված տոմսերը կփոխհատուցվեն 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Հարցերի կամ խնդիրների դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Ֆուտբոլը առաջին հերթին երկրպագուների համար է»,- ասվում է «Փյունիկի» հայտարարությունում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղի տոմսերը վաճառվում էին առցանց՝ 1000, 2000 և 3000 դրամով։
Առաջին խաղում երևանյան ակումբը 0-3 հաշվով արտագնա պարտություն է կրել։ Այս զույգի հաղթողը որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում կմրցի ռումինական «Սեպսիի» և ղազախական «Ակտոբեի» դիմակայության հաղթողի հետ։
Կոնֆերենցիաների լիգայի նախորդ երկու փուլերում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը երկուական անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0) ու շվեդական «Կալմարին» (2-1, 2-1)։
Նախորդ մրցաշրջանում Հայաստանի 15-ակի չեմպիոնը մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել երրորդ տեղը։


