Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ «Նոայի» դեմ Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի տնային խաղի մուտքը կլինի ազատ:
«Հաշվի առնելով՝ IDBank Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի կենտրոնական հանդիպման նկատմամբ մեծ հետաքրքրվածությունն ու մարզադաշտում սահմանափակ տեղերի քանակը, մայիսի 21-ին կայանալիք հանդիպումը կլինի տոմսերով, որոնք մեր ակումբի երկրպագուները կարող են անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս»,- նշված է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում:
Չեմպիոնության համար պայքարող թիմերի հանդիպումը տեղի կունենա մայիսի 21-ին Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 17:00-ին:
Նախօրեին «Նոան» առաջարկել էր փոխել խաղի անցկացման վայրն ու ժամը, «Փյունիկն» էլ արձագանքել էր՝ հայտարարելով, որ դա իր իրավասության շրջանակում չէ: «Ուրարտուն» էլ այս հանդիպումն անցկացնելու համար տնային ստադիոնն էր անվճար առաջարկել: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մինչև այս պահը դեռևս չի արձագանքել այս հայտարարություններին:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության ավարտից երկու տուր առաջ «Նոան» 77 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, մեկ միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Փյունիկին», 6 միավորով՝ լավագույն եռյակը եզրափակող «Արարատ-Արմենիային»: