Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) հետ համագործակցության շնորհիվ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի մարզիչները փորձի փոխանակման նպատակով կմեկնեն Մոնակո քաղաք ու փետրվարի 7-8-ը կմասնակցեն համանուն ֆուտբոլային ակումբում կազմակերպվող երկօրյա ինտեսիվ դասընթացին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Սկաուտական ստրատեգիան պատանեկան ֆուտբոլում» խորագրով դասընթացի ընթացքում մարզիչները կիմանան, թե ինչպես են առաջատար եվրոպական ակադեմիաները ինտեգրել պատանեկան ֆուտբոլի սկաուտական կառուցվածքն ու ռազմավարությունը` պատմելով նաև սեփական փորձի մասին: Բացի դրանից, պատանի դարպասապահների սկաուտական ոլորտի փորձագետները կօգնեն ներկաներին պատկերացում կազմել, թե ինչպես ձևավորել սելեկցիոն սեփական համակարգը:
Դասընթացը հյուրընկալող «Մոնակո» ֆուտբոլային ակումբը նաև շրջագայություն կկազմակերպի հյուրերի համար իրենց ակադեմիայում:
ECA-ի դասընթացին «Փյունիկից» կմասնակցեն մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար Աշոտ Ավետիսյանը, կանանց ֆուտբոլի զարգացման գծով պատասխանատու, մարզիչ Մարիա Սախինովան ու մարզիչ Միքայել Խաշմանյանը:


