Երևանի «Փյունիկը» քվեարկությամբ ընտրել է 2023 թվականի լավագույն գոլը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Լավագույնն է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանի գոլը շվեդական «Կալմարի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում: Աբովյանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում «Փյունիկի» ավագը մրցակցի դարպասը գրավել էր սեփական կիսադաշտից:
Հիշեցնենք, որ այդ խաղում «Փյունիկը» 2-1 հաշվով տնային հաղթանակ էր տարել և դուրս եկել որակավորման երրորդ փուլ, որտեղ պարտվել էր նորվեգական «Բուդյո Գլիմտին» ու ավարտել ելույթները Կոնֆերենցիաների լիգայում:


