Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանը կոչ է արել ՈւԵՖԱ-ին չխախտել արդարության սկզբունքը և վիզա տրամադրել ռուս ֆուտբոլիստներին:
«Ըստ իս, այստեղ խախտվում է սպորտի ամենակարևոր սկզբունքը՝ մրցակցության ազնվությունը: Էստոնիայում կայանալիք պատասխան խաղին չեն կարողացել մեզ միանալ 3 մարդ, իսկ Շվեդիայում, ստացվում է, չեն միանա երկուսը՝ հիմնական կազմի ֆուտբոլիստ և մարզչի առաջին օգնական: Սա մեզ համար լուրջ խնդիր է, քանի որ նրանք թիմի առանցքային մարդիկ են: Առավել ևս, եթե նվաճենք հաջորդ փուլի ուղեգիր:
Ամեն դեպքում էստոնացիների թիմը վատը չէ, լրջորեն պատրաստվել են: Կովալենկոն արդեն մի քանի տարի խաղում է Հայաստանում և մեր գլխավոր կատարողն է: Մենք փորձում ենք ինչ-որ բան անել և նախորդ տարի նույնպես փորձում էինք: Ինչպես հասկանում եմ, սա ոչ միայն մեր ակումբի խնդիրն է:
Սա ընդհանուր խնդիր է, որը պետք է լուծել: Եթե ՈւԵՖԱ-ն չի կարողանում ապահովել բոլոր ուժեղագույն ֆուտբոլիստների մասնակցությունն այս կամ այն հանդիպումներին, նշանակում է, պետք է պահանջել, որ խաղերն անցկացվեն այն երկրներում, որտեղ թիմերը կկարողանան մասնակցել ամբողջական կազմով: Քանի որ, կրկնեմ, խախտվում է արդարության սկզբունքը, որը հիմնարար է յուրաքանչյուր մարզական միջոցառումներում և մանավանդ եվրագավաթներում»,- Սողոմոնյանի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» կհյուրընկալվի Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսի» հետ: Առաջին խաղում Եղիշե Մելիքյանի թիմը հաղթել է 2-0 հաշվով:
«Նարվա Տրանս» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա հուլիսի 20-ին և կմեկնարկի ժամը 19:30-ին: Այս դիմակայության հաղթողը որակավորման երկրորդ փուլում ուժերը կչափի շվեդական «Կալմարի» հետ։


