VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում հերթական հաղթանակները տոնելով, «Արարատ-Արմենիան» ու «Փյունիկն» ավելի ամրապնդեցին իրենց դիրքերն աղյուսակի առաջին երկու հորիզոնականներում: Իսկ ահա առաջատար եռյակում գտնվող «Արարատն» անհաջողության մատնվելով, ավելի մեծացրեց միավորների տարբերությունն առաջատարներից:
Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1. Խաղացանկով նախատեսված 5 հանդիպումներից կայացան 4-ը («Սևանը» չներկայացավ նաև ԲԿՄԱ-ի հետ խաղին): Տուրն անցավ դաշտի տերերի բացահայտ առավելությամբ, որոնք շահեցին բոլոր 4 հանդիպումները: Առաջնությունում կայացած 71 հանդիպումներից 34-ում հաղթել են դաշտի տերերը, 23-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 14-ում գրանցվել է ոչ-ոքի:
4 հանդիպումներում խփվեց 8 գոլ (միջինը՝ 2 գոլ մեկ խաղում): Առաջնությունում անցկացված 71 հանդիպումներում գրանցվել է 177 գոլ (միջինը՝ 2,49 գոլ մեկ խաղում):
2. «Փյունիկը» 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Այդ ցուցանիշով փյունիկցիներն առայժմ զիջում են միայն «Արարատ-Արմենիային», որը հաղթել էր մեկնարկային 7 հանդիպումներում: Իսկ ահա առաջնությունում անպարտելի խաղերի քանակով (12) Եղիշե Մելիքյանի սաները գերազանցեցին ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիայի» ռեկորդային ցուցանիշը: Այդ հանդիպումներում «Փյունիկը» վաստակել է 30 միավոր (9 հաղթանակ, 3 ոչ-ոքի)՝ 8 անգամ դարպասը պահելով անառիկ: Հետաքրքիր է, որ վերջին պարտությունը փյունիկցիները կրել են հենց «Արարատ-Արմենիայից» օգոստոսի 15-ին կայացած խաղում (0-3):
3. «Վանը» 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց, ինչը թիմի պատմության մեջ առաջնությունում գրանցած իր վատագույն արդյունքն է: Առաջնության վերջին 11 հանդիպումներում «Վանը» հաղթանակ չի տոնել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Դա ինչպես թիմի պատմության, այնպես էլ ընթացիկ առաջնության հակառեկորդ է:
Վերջին 6 հանդիպումներում «Վանի» ֆուտբոլիստները չեն գտել մրցակիցների դարպասի բանալին: Թիմի գոլային երաշտը հասավ 618 րոպեի, ինչը ևս ինչպես ընթացիկ առաջնության, այնպես էլ «Վանի» պատմության մեջ գրանցած վատագույն արդյունքն է: Վերջին գոլն առաջնությունում «Վանը» խփել է հոկտեմբերի 16-ին «Ուրարտուի» դարպասին: 12-րդ րոպեին աչքի էր ընկել Վլադիմիր Ֆիլիպովը:
4. Տուրում նշանակված 11մ 4 հարվածներից միայն 2-ը դիպուկ իրացվեցին: Աչքի ընկան «Նորավանքի» ռմբարկու Սերգեյ Օռլովն ու «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը: Իսկ ահա «Վանի» ֆուտբոլիստ Բրունո Միրանդայի հարվածը հետ մղեց Վալերիո Վիմերկատին: Արարատցի Սերժ Դեբլեն էլ չկարողացավ խոցել Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը:
Հետաքրքիր է, որ մինչև 15-րդ տուրը, «Նորավանքի» մասնակցությամբ առաջնության հանդիպումներում ոչ մի 11մ հարված չէր նշանակվել: Իսկ ահա «Նոայի» հետ մրցավեճում նշանակվեց միանգամից երկուսը:
5. «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնությունում 3-րդ անընդմեջ հաղթանակները տոնեցին: