Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը 1,5 տարով երկարաձգել են գործող պայմանագրի ժամկետը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկի» և կիսապաշտպան Արտակ Դաշյանի միջև պայմանագրի ժամկետը երկարաձգվել է 1,5 տարով: Դաշյանը մեր թիմին միացել է այս տարվա հունվարին՝ օգնելով «Փյունիկին» նվաճել Հայաստանի չեմպիոնի կոչումն ու մեծ ավանդ ունենալով եվրագավաթներում թիմի հաջող ելույթներում: Մեր թիմի «շարժիչը» մնում է մեզ հետ»,- ասված է Հայաստանի 15-ակի չեմպիոնի հայտարարության մեջ:
Ընթացիկ մրցաշրջանում Արտակ Դաշյանը բոլոր մրցաշարերում անցկացրած 36 խաղում խփել է 4 գոլ ու կատարել 2 ասիստ:
Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը երրորդ տեղն էր զբաղեցրել Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունում:



