Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է Նորվեգիա, հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն օգոստոսի 10-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ասպմիրա» ստադիոնում կմրցի «Բուդյո-Գլիմտի» հետ: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին Վազգեն Սարգսյանի անվան Երևանի «Հանրապետական» ստադիոնում։
Եթե «Փյունիկին» հաջողվի երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթել «Բուդյո-Գլիմտին», ապա հաջորդ փուլում Հայաստանի 15-ակի չեմպիոնը կմրցի «Սեպսի» (Ռումինիա) - «Ակտոբե» (Ղազախստան) զույգի հաղթողի հետ:
«Բուդյո-Գլիմտ» - «Փյունիկ» զույգի հաղթողը 4-րդ փուլի առաջին հանդիպումը կանցկացնի հյուրի կարգավիճակում օգոստոսի 24-ին, իսկ պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:


Հիշեցնենք, որ նախորդ երկու փուլերում «Փյունիկը» երկուական անգամ հաղթել էր Էստոնիայի գավաթակիր «Նարվա Տրանսին» (2-0, 3-0) ու շվեդական «Կալմարին» (2-1, 2-1)։
Նախորդ մրցաշրջանում երևանյան ակումբը մասնակցել էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին և H խմբում («Սլովան», «Բազել», «Ժալգիրիս») 6 միավորով զբաղեցրել երրորդ տեղը։
Լուսանկարները՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն


