Logo

«Փյունիկը» նույն խնդրով է գնում Եվրոպա․ Մելիքյանը կօգտագործի իր ամենաուժեղ կողմը

Հեղինակ
Արման Աբելյան
16:12 / 04.07.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հուլիսի 10-ին կսկսի ելույթները Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում: Մրցակիցը Բելառուսի չեմպիոն Մինսկի «Դինամոն» է, որի համար դիմակայության առաջին խաղը կլինի տնային, բայց չեզոք դաշտում:

Կարևոր դիմակայությունից առաջ FastNews-ն անդրադարձել է երևանյան ակումբի կորուստներին։

«Փյունիկը» դեռ պաշտոնապես չի հայտարարել որևէ համալրման մասին: Ակումբը, միգուցե, միտումնավոր է նոր ֆուտբոլիստների անունները գաղտնի պահում մրցակցի համար: Սակայն Եղիշե Մելիքյանի թիմը լուրջ կորուստներ է կրել: Ակումբից հեռացել են ընդգծված առաջատարները՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպաններ Հովհաննես Հարությունյանն ու Արտակ Դաշյանը: Չնայած «Փյունիկում» բազմաթիվ լեգեոնականների առկայությանը, հենց նրանք էին վերջին 2-3 տարում դարձել թիմի հենասյուները: Չեմպիոնին առաջիկայում չի օգնի նաև հարձակվող, եվրագավաթներում հայկական ակումբների գլխավոր ռմբարկու Լուկա Յուրիչիչը, որը վնասվածք ունի:

Ինչի՞ շնորհիվ «Փյունիկը» կարող է լրացնել կարևոր ֆուտբոլիստների բացը, նման ինչպիսի՞ նախադեպեր է ունեցել Մելիքյանի թիմը և հնարավոր կլինի՞ գոնե որոշ չափով երիտասարդացնել կազմը:

Մեծ կորուստներով՝ դեպի խմբային փուլ

«Փյունիկը» նախորդ անգամ 2022-ին է մասնակցել Չեմպիոնների լիգային: Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը հերթական անգամ չեմպիոն դառնալուց հետո չափազանց լուրջ կորուստներ ունեցավ: Հեռացան առաջնության գլխավոր ռմբարկու Սերժ Դեբլեն, առաջատարներից մեկը՝ 16 գոլ խփած Ուգու Ֆիրմինուն, թիմի ավագ Գևորգ Ղազարյանն ու հիմնական պաշտպաններից Արման Հովհաննիսյանը․ վերջին երեքը տեղափոխվեցին «Արարատ-Արմենիա»: Այլևս ակումբում չէր նաև հարձակման գծի կարևոր խաղացող Խոսե Կարաբալյոն: Փոխարենը, Հայաստանի չեմպիոնին շատ օգնեցին «Արարատ-Արմենիայից» տեղափոխված ուկարիանացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն ու նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն, ռուսական «Խիմկիից» «Փյունիկին» միացած պաշտպան Դավիդ Դավիդյանը:

Մելիքյանը փայլուն հարձակման զույգ ձևավորեց Օտուբանջոյի ու Հարավային Կորեայի երկրորդ լիգայում ոչնչով աչքի չընկած Լուկա Յուրիչիչի միջև: «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում պայքարից դուրս թողեց Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»: Երկրորդ փուլում վստահ հաղթանակ եղավ Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» նկատմամբ: «Փյունիկը» հետագայում շատ մոտ էր Եվրոպա լիգայի խմբային փուլում հայտնվելուն, բայց մոլդովական «Շերիֆին» հավասար դիմակայությունում պարտվեց 11-մետրանոց հարվածաշարով: Հայաստանի չեմպիոնը հայտնվեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում, որտեղ 6 միավոր վաստակեց ու մինչև վերջ շանսեր էր պահպանում փլեյ-օֆֆ դուրս գալու համար:

Կեսից գնացին լավագույն պաշտպանը և գլխավոր գոլահարը

«Փյունիկը», թեպետ շքեղ անցկացրեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23թթ․ մրցաշրջանի երկրորդ հատվածը, բավարարվեց միայն փոխչեմպիոնի կոչումով: Թիմը նախորդած մրցաշրջանում հարուստ եվրոպական փորձ էր կուտակել, ավելի լավն ու ավելի հասուն էր դարձել նաև խաղային առումով: Այս անգամ եվրագավաթային ելույթների մեկնարկից առաջ հեռացողներ չեղան: «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում մեկ շնչով հաղթահարեց էստոնական «Նարվա Տրանսի» արգելքը: Մյուս մրցակիցը շատ ավելի զորեղ էր՝ շվեդական «Կալմարը», բայց նրան էլ «Փյունիկն» առաջին մրցավեճում հյուրընկալվելիս հաղթեց 2-1 հաշվով: Մելիքյանի թիմը շատ գրագետ պաշտպանվեց ու օգտագործեց իր գոլային պահերը:

Էլի կորուստներ․․․ «Կալմարի» դեմ պատասխան խաղից մի քանի օր առաջ հայտարարվեց, որ «Նոա» է տեղափոխվում «Փյունիկի» առաջատար կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Միլկովիչը: Թիմն առանց նրա էլ պատասխան խաղում նույն հաշվով առավելության հասավ և շարժվեց առաջ: Որակավորման երրորդ փուլում նորվեգական «Բուդյո Գլիմտի» հետ առաջին խաղից առաջ էլ «Փյունիկը» լքեց թիմի գլխավոր ռմբարկու Լուկա Յուրիչիչը: Նա այդ եվրամրցաշրջանում արդեն 3 գոլ էր խփել, իսկ ընդհանուր՝ ակումբում 6 գոլ եվրոպական իր ելույթներում: Գումարվեց նաև Հովհաննես Հարությունյանի ստացած վնասվածքը: «Փյունիկը» գրեթե առանց դիմադրության զիջեց մրցակցին՝ պարտվելով ընդհանուր 0-6 հաշվով:

Մելիքյանի ամենաուժեղ կողմը

«Փյունիկի» գլխավոր ձեռքբերումն առաջիկա մրցաշրջանին ընդառաջ Եղիշե Մելիքյանի հետ նոր պայմանագիր ստորագրելն էր: Նա իր թիմի հետ արդեն 3 տարի շատ մեծ կայունություն է ցույց տալիս, ինչը բացառիկ երևույթ է հայկական ֆուտբոլում: Մելիքյանը և նրա շտաբը թիմի խաղը չափազանց բազմազան և անկանխատեսելի են դարձրել: Այդ տակտիկական ճկունությունը շատ է օգնում Եվրոպայում: Պետք չէ անտեսել նաև թիմին մոտիվացնելու և ամուր հոգեբանություն հաղորդելու գործոնը: Սակայն այս ամենի կողքին մի՝ առաջին հայացքից պարզ, բայց իրականում շատ բարդ բան է պետք առանձնացնել՝ Մելիքյանի օրոք ֆուտբոլիստները հսկայական աճ են գրանցում և՛ անհատապես, և՛ թիմային մեխանիզմի շրջանակում:

Այս տարիներին «Փյունիկից» հեռացածներից գրեթե ոչ ոք նոր թիմում նույնիսկ չի մոտեցել այն խաղամակարդակին, որ «Նռնագույնների» կազմում է ցույց տվել: Նրանցից շատերը նախընտրել են ակումբ վերադառնալ: Հարությունյանը և Դաշյանը նույնպես «Փյունիկ» տեղափոխվելու պահին ներկայիս մարզավիճակին չեն եղել, այդպիսին են դարձել Մելիքյանի օրոք: Լեգեոնականների մեծ մասն էլ ակումբ չի եկել որպես «աստղ», բայց «Փյունիկում» դարձել է այդպիսին: Ամենավառ օրինակներից է նաև Օտուբանջոն, որին հեռացրել էին «Արարատ-Արմենիայից»: Նրան քչերն էին հավատում, բայց Յուսուֆը դարձավ «Փյունիկի» անփոխարինելի խաղացողներից մեկը: Մելիքյանից այժմ նույնն է ակնկալվում՝ կառուցել մարտունակ թիմ:

Հայերի քանակի և կազմի երիտասարդացման հարցը

«Փյունիկին» Հարությունյանի և Դաշյանի հեռանալուց հետո դժվար է լինելու լեգեոնականների լիմիտի հարցը նույն որակով փակելը: Թիմի հայերի զգալի մասը 30 և ավելի տարեկան խաղացողներ են, բացառություն է 26-ամյա Դավիդյանը: Լեգեոնական չի համարվում նաև 28-ամյա Սոլոմոն Ուդոն: «Փյունիկը» տարեց թիմ է, որի միջին տարիքը 29,1 է: Միգուցե, կարիք կա կազմը որոշ չափով թարմացնելու: Վարձավճարով ԲԿՄԱ-ում խաղացած հարձակվող Գրենիկ Պետրոսյանն արդեն «Նոային» է միացել: Նրան և այժմ ԲԿՄԱ-ում գտնվող հարձակվող Լևոն Վարդանյանին «Փյունիկն» անցյալում վերադարձրել է, բայց նրանք չեն ամրապնդվել թիմում: «Փյունիկը» ԲԿՄԱ-ում էլի ունի երիտասարդ հետաքրքիր ֆուտբոլիստների:

Այդուհանդերձ, դժվար է պատկերացնելը, որ նրանց այժմ հնարավորություն կտրվի շատ խաղաժամանակ ստանալու առաջին թիմում: Այդ թեմային տարվա սկզբին Եղիշե Մելիքյանն էր անդրադարձել․ «Մենք այդ ֆուտբոլիստներին կամաց-կամաց մոտեցնում ենք առաջին թիմին: Ֆուտբոլը չի սիրում ժամանակից առաջ ընկնելը և արհեստական քայլեր անելը, որովհետև դա կվնասի խաղացողներին: Պետք է հասկանանք՝ «Փյունիկը» բարձրացել է մի մակարդակի, որ ֆուտբոլիստները պետք է համապատասխանեն դրան: Ես չեմ կարող մակարդակն իջեցնել ու այն համապատասխանեցնել խաղացողների, որոնք դեռ պատրաստ չեն դրան: Դա ճիշտ ուղի չէ»:

Երիտասարդներին տեղ տալ-չտալու թեման հավերժական քննարկման հարց է հայկական ֆուտբոլում: Ֆուտբոլում կայունություն պահելն ամենադժվարն է, և «Փյունիկը» կփորձի դա անել արդեն 4-րդ մրցաշրջանն անընդմեջ: Մելիքյանի թիմը պայքարը Չեմպիոնների լիգայից է սկսելու, ուստի լավ հնարավորություն կա կրկնելու նախանցած մրցաշրջանի ճանապարհը: Մնում է հասկանալ՝ ինչպես է լրացվելու հեռացած առաջատարների բացը: Իսկ դրան կհաջորդի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը, որտեղ «Նոան» ու «Արարատ-Արմենիան» էլ ավելի շատ են ցանկանալու գահընկեց անել «Փյունիկին»: Այսպիսի խոչընդոտները միշտ մեծ շարժառիթ են եղել գործող չեմպիոնի համար, որը Մելիքյանի օրոք դրա և բնավորության պակասը երբեք չի զգացել:

Ծանոթ մարզիչ, հայ ֆուտբոլիստների նախկին թիմ. Ինչ սպասել եվրագավաթներում հայկական ակումբների մրցակիցներից

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա