Logo

«Փյունիկը» պարտվեց ու ավարտեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայում (ֆոտո, տեսանյութ)

23:37 / 03.11.2022Հայկական ֆուտբոլ
Փյունիկ-Բազել-ավարտ

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկը» չհաղթահարեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի արգելքն ու դուրս մնաց պայքարից։

Վերջին՝ 6-րդ տուրում Եղիշե Մելիքյանը գլխավորած թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց շվեյցարական «Բազելին» ու պարտվեց 1-2 հաշվով: Հայաստանի 15-ակի չեմպիոնին միայն հաղթանակ էր անհրաժեշը փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու համար։

«Փյունիկը» շատ ակտիվ էր սկսել խաղը և սկզբնամասում մեծ ճնշում էր գործադրում մրցակցի դարպասին, սակայն հաշիվը բացեցին հյուրերը։ 17-րդ րոպեին աչքի ընկավ շվեյցարացի կիսապաշտպան Դարիան Մալեշը: 29-րդ րոպեին շվեյցարական թիմի առավելությունը կրկնապատկեց գերմանացի կիսապաշտպան Անտոն Կադեն, թիմերն ընդմիջման գնացին 0-2 հաշվի պայմաններում։

57-րդ րոպեին դաշտի տերերը ստացան թվային առավելությունը։ Երկրորդ դեղին քարտն ստացավ ու խաղադաշտից հեռացվեց «Բազելի» շվեյցարացի կիսապաշտպան Դան Նդոյեն: 

72-րդ րոպեին երևանյան ակումբին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ փոխարինման դուրս եկած բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը: Վերջնամասում «Փյունիկը» գրոհում էր մեծ ուժերով, սակայն խաղը փրկել չհաջողվեց։

Խմբի մյուս խաղում Սլովակիայի չեմպիոն «Սլովանը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, 2-1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ լիտվական «Ժալգիրիսի» նկատմամբ: Հայ ֆուտբոլիստը վնասվածք ունի ու շարքից դուրս է մնացել երկար ժամանակով:

«Սլովանը» և «Բազելը» 11-ական միավորով կիսեցին առաջին և երկրորդ տեղերն ու դուրս եկան Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ: «Փյունիկը» 6 միավորով զբաղեցրեց երրորդ, «Ժալգիրիսը» 4 միավորով վերջինն է:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթահարել էր Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3)։ Երկրորդ փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պայքարից դուրս էր թողել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (0-1, 4-1)` դառնալով Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս եկած առաջին հայկական ակումբը: Երրորդ փուլում Հայաստանի 15-ակի չեմպիոնը պարտվել էր սերբական «Ցրվենա Զվեզեդային» (0-5, 0-2) և տեղափոխվել Եվրոպա լիգա, որի որակավորման փլեյ-օֆֆ փուլում հետխաղյա 11-մետրանոցներով 2-3 հաշվով զիջել էր մոլդովական «Շերիֆին» (0-0, 0-0):

Կոնֆերենցիաների լիգա, 6-րդ տուր

H խումբ

«Փյունիկ» (Հայաստան) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 1-2

Լուկա Յուրիչիչ, 72 - Դարիան Մալեշ, 17, Անտոն Կադե, 29

Հեռացում՝ Դան Նդոյե, 57 («Բազել»)

«Ժալգիրիս» (Լիտվա) - «Սլովան» (Սլովակիա)՝ 1-2

Ֆրանսիս Կյերեմե, 47 - Ալեքսանդր Չավրիչ, 15, 23


 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ