Logo

Պիկասո՝ «Գեռնիկա». Պատմական ենթատեքստն ու բացատրությունը

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 12.03.2019ՄՇԱԿՈՒՅԹ
guernica3 - Պիկասո՝ «Գեռնիկա». Պատմական ենթատեքստն ու բացատրությունը

«Գեռնիկան» հանրահայտ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի ստեղծագործություններից է: Այն ստեղծվել է որպես պատասխան գերմանական և իտալական օդային ուժերի կողմից Գեռնիկա քաղաքի ռմբակոծման: Պիկասոն այս կտավը նկարել է Իսպանիայի ազգայինականների պատվերով, 1937 թվականի ապրիլի 26-ին՝ իսպանական քաղաքացիական պատերազմի ընթացքում: Իսպանիայի հանրապետական կառավարությունը Պիկասոյին պատվիրել էր պատրաստել մի մեծ որմնանկար 1937 թվականին Փարիզում անցկացվելիք համաշխարհային ցուցադրությանը Իսպանիան ներկայացնելու համար:

«Գեռնիկան» ամբողջությամբ նկարված է մոխրագույնի, սևի և սպիտակի երանգներով: Յուղանկարը ունի 3.5 մետր բարձրություն և 7.8 մետր լայնություն:

Պիկասոն այս հսկա որմնանկարով ցանկանում էր ողջ աշխարհի ուշադրությունը սևեռել իսպանական քաղաքացիական պատերազմի ընթացքում Գեռնիկա բասկյան քաղաքի ռմբակոծության վրա, որն իրականացվում էր Ֆրանկո գեներալի ազգայինական ուժերը սատարող գերմանացիների կողմից:

Նկարիչը կտավի աշխատանքներն ավարտել է 1937 թվականի հունիսի կեսերին և նույն թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում այն ներկայացրել «Տեխնիկայի և արվեստի դերը ժամանակակից կյանքում» խորագիրը կրող միջազգային ցուցադրությունում, հետո նաև աշխարհի շատ այլ վայրերում: Սան Ֆրանցիսկոյի արվեստի թանգարանը օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 19-ը Գեռնիկան ներկայացրել է իր՝ Միացյալ Նահանգներում առաջին հանրային և անվճար ցուցադրությանը: Այնուհետև Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը նախաձեռնել է Պիկասոյի մեծ ցուցադրություն վերնագրված՝ Պիկասո. նրա 40 տարիների արվեստը: Ներկայացված էին 344 ստեղծագործություն, որոնց շարքում էր նաև «Գեռնիկան»:

«Գեռնիկայի» վերլուծությունը. սիմվոլիզմը և բացատրությունը

Պիկասոն այստեղ պատկերել է տառապող մարդկանց, կենդանիներին և շինություններ՝  շրջապատված բռնությամբ և քաոսով:

«Գեռնիկայի» մեկնաբանությունները բազմազան են և միմյանց հակասող, նույնիսկ նրա գլխավոր տարրերի՝ ցուլի և ձիու վերաբերյալ:

Արվեստի պատմության մասնագետ Պատրիցիա Ֆայլինգը ասում է. «Ցուլը և ձին իսպանական մշակույթում կարևոր դերակատարներ են: Պիկասոն ևս այս կենդանիներին տարբեր ժամանակներում տարբեր նշանակություններ է տվել: Սա ցուլի և ձիու հստակ դերը պարզելու գործը բավական բարդացնում է: Նրանց հարաբերությունը կարծես բալետի մի յուրօրինակ տեսակ լինի՝ ստացած ամենատարբեր ընկալումները Պիկասոյի կարիերայի ողջ ընթացքում»: 

Պիկասոն ինքը մի առիթով «Գեռնիկայի» մասին այսպել է խոսել

«Այս ստեղծագործությունը բնակարաններ զարդարելու համար չէ նախատեսված: Սա թշնամուն ուղղված վիրավորական և պաշտպանական զենք է: Այս ցուլը ցուլ է, իսկ ձին՝ ձի: Եթե ձեզ հաջողվում է իմ աշխատանքների որոշ տարրեր մեկնաբանել, հնարավոր է, որ ամբողջովին  իրավացի եք, բայց ես չեմ ցանկանում  մեկնաբանություններ թողնել: Ես նույնպես հասել եմ այն գաղափարներին ու եզրահանգումներին, որոնց դուք եք հասնում, բայց ինձ մոտ դա եղել է բնազդաբար, անգիտակցաբար: Ես նկարում եմ նկարչության համար: Ես նկարում եմ այս կամ այն առարկան այն պատճառով, որ այն գոյություն ունի…» 

Պիկասոյի ժառանգությունն արվեստի պատմության մեջ

Լրագրող Ալեխանդրո Էսկալոնան ասում է. «Այս կտավը նկարչության մեջ այնպիսի դեր ունի ինչպիսին Բեթհովենի Իններորդ Սիմֆոնիան՝ երաժշտության մեջ: Այն մշակութային սրբապատկեր է, որը մարդկությանն է փոխանցում ուղերձ ոչ միայն ընդդեմ պատերազմի, բայց նաև ուղերձ հույսի և խաղաղության: «Գեռնիկան» նաև մի յուրօրինակ վկայակոչում է, երբ խոսքը ցեղասպանության մասին է ՝ Սալվադորից մինչև Բոսնիա»: 

«Գեռնիկան» դարձել է մարդկության համաշխարհային մի հզոր սիմվոլ ընդդեմ տառապանքի և պատերազմների արդյունքում առաջացած ավերածությունների: Դրա հետ մեկտեղ, այն փաստը, որ որմնանկարում գոյություն չունի հատուկ հարձակման ակնհայտ հղում, նպաստել է ուղերձի համաշխարհային և հավիտենական դառնալուն: Այս ստեղծագործությունը կուբիզմի իսկական գլուխգործոց է:

Հավելենք՝ ներկայումս «Գեռնիկան» ցուցադրվում է Մադրիդի «Reina Sofia» թանգարանում:

Նյութը պատրաստեց՝ Տաթև Մանուկյան 

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ