Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ առաջիկայում կավարտի կարիերան:
«Վերջին շրջանում շատերն էին խոսում իմ մասին, սակայն մինչև այս պահը ոչինչ չեմ պատասխանել: Հիմա կխոսեմ։
Ինչպես շատերն, այնպես էլ ես, «Բարսայի» երկրպագու եմ: Ծնվել ու մեծացել եմ ֆուտբոլասերի ընտանիքում: Երբ փոքր էի, ցանկանում էի դառնալ հենց «Բարսելոնայի» ֆուտբոլիստ:
Վերջին շրջանում շատ եմ մտածել այդ փոքր տղայի մասին: Ինչ կպատասխաներ, եթե այն ժամանակ նրան ասեին, որ կդառնա «Բարսայի» խաղացող, կխաղա աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ, կնվաճի բոլոր հնարավոր տիտղոսները ու շատ ընկերներ կունենա: «Բարսելոնային» միանալու պահից 25 տարի է անցել:
«Բարսան» ինձ տվել է ամեն ինչ, երկրպագուները՝ նույնպես: Հիմա, երբ արդեն այդ տղայի բոլոր երազանքներն իրականացել են, ճանապարհորդությունն ավարտելու ժամանակ է:
Միշտ ասել եմ, որ ինձ համար «Բարսայից» բացի այլ ակումբ չկա ու չի լինի: Այս շաբաթ կայանալիք խաղը ինձ համար վերջինը կլինի «Կամպ Նոու» ստադիոնում: Կդառնամ սովորական երկրպագու ու «Բարսայի» նկատմամբ տածած սերս կփոխանցեմ երեխաներիս:
Դուք ինձ գիտեք. ուշ, թե շուտ, կվերադառնամ: Կհանդիպենք «Կամպ Նոուում»»,- Պիկեի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 35-ամյա պաշտպանը «Բարսելոնայի» սան է և 1997-2004-ին մարզվել է ակումբի ակադեմիայում: 2004-ին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ» ու մինչև 2008-ը պաշտպանել է անգլիական ակումբի գույները: Նույն տարում վերադարձել է «Բարսելոնա», որտեղ ելույթ է ունենում մինչև օրս:
Ժերար Պիկեն «Բարսելոնայի» հետ 8 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 7 անգամ նվաճել է երկրի գավաթը, 6 անգամ՝ սուպերգավաթը, 3 անգամ՝ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, 3-ական անգամ էլ հաղթել է Չեմպիոնների լիգայում ու աշխարհի ակումբային առաջնությունում:
Պիկեն Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի (2010) և Եվրոպայի (2012) չեմպիոն:


