«Արսենալի» լեգենդար կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը կարծում է, որ ակումբի երկրպագուները կնախընտրեին հաղթել Անգլիայի Պրեմիեր լիգան, ոչ թե Չեմպիոնների լիգան, հայտնում է Footmercato-ն։
«Անգլիայում Պրեմիեր լիգայի տիտղոսը միշտ ավելի բարձր է դասվում։ Իհարկե, Չեմպիոնների լիգան հաղթելը մեծ երազանք է, բայց անգլիացիները սիրահարված են իրենց առաջնությանը, քանի որ այն բարդ է, ընթանում է առանց ընդմիջման` օգոստոսից մայիս։
Չեմպիոնների լիգայում միշտ ընդմիջումներ կան. ակումբները խաղում են երկու-երեք շաբաթը մեկ։ Այո՛, Չեմպիոնների լիգայում խաղում ես մեծ ակումբների դեմ, բայց Անգլիայի առաջնությունն այնքան բարդ է ու պահանջկոտ, որ չեմպիոն դառնալիս, իրոք, երջանկանում ես։
Կարծում եմ` «Արսենալի» երկրպագուները կնախընտրեին հաղթել Պրեմիեր լիգան, ոչ թե Չեմպիոնների լիգան։ Եթե հարցնեք, նրանցից շատերը կհաստատեն իմ միտքը»,- ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը։
Լոնդոնյան գրանդը վերջին անգամ Անգլիայի չեմպիոն դարձել է 2004 թվականին։ «Զինագործները» նախորդ երեք մրցաշրջաններում զբաղեցրել են երկրորդ տեղը։
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


