Արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոն առաջին անգամ մեկնաբանել է իր կատարած աշխատանքը ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելուց հետո:
«ՊՍԺ-ում ստացա անգին փորձ, որից մեծ դասեր քաղեցի: Դրական եմ գնահատում աշխատանքս, և տրամադրվածությունս էլ այդպիսին է: Եթե խոսենք մարզական տեսանկյունից, մեկուկես տարվա ընթացքում հաղթել ենք Լիգա 1-ում, նվաճել ենք Ֆրանսիայի գավաթն ու Սուպերգավաթը:
Բոլորին պարզ է, որ ՊՍԺ-ի նպատակը Չեմպիոնների լիգայում հաղթելն է, ու դրա բացակայությունը համարվում է ձախողում: Այդ տրամաբանությամբ՝ ՊՍԺ-ն 50 տարի ձախողվել է (փարիզյան ակումբը հիմնադրվել է 1970 թվականին-խմբ.): Կարծում եմ՝ ուշ, թե շուտ նոր սեփականատերերը կհասնեն իրենց ուզածին, քանի որ մեծ ռեսուրսներ են ծախսում»,- Պոչետինոյի խոսքը փոխանցում է Infobae-ն:
Հիշեցնենք, որ մարզչական կարիերայի ընթացքում 50-ամյա Պոչետինոն աշխատել է նաև «Էսպանյոլում», «Սաութհեմփթոնում» և «Տոտենհեմում:


