Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կրկին հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու հեռանկարով։
Արգենտինացին մինչև այժմ գաղտնի շփվում է «Յունայթեդի» ներկայացուցիչների հետ՝ նկատի ունենալով ամռանը ՊՍԺ-ից հեռանալու հնարավորությունը՝ հաղորդում է Le Parisien-ը։ Նրա հիմնական մրցակիցն է հոլանդական «Այաքսի» մարզիչ Էրիկ տեն Հագը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի հեռանալուց հետո Պոչետինոն ցանկանում էր գլխավորել անգլիական ակումբը, սակայն ՊՍԺ-ի ղեկավարությունը չցանկացավ բաժանվել նրանից։ Այդպիսով, ՄՅՈՒ-ի ժամանակավոր մարզիչ դարձավ Ռալֆ Ռանգնիկը։
Վերջերս հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունը Պոչետինոյի նկատմամբ նվազել է, իսկ գլխավոր մարզչի պաշտոնի ֆավորիտ է դարձել Տեն Հագը։
Տեղեկություններ են հայտնվել նաև ՊՍԺ-ի հանդերձարանում անկայուն իրավիճակի մասին։ Հաղորդվում է, որ ոչ բոլոր ֆուտբոլիստներն են ընկալում Պոչետինոյի մեթոդները, ինչը լարվածություն է առաջացնում Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» հետ խաղից առաջ։