Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում 17-ամյա ռումինացի լողորդ Դավիդ Պոպովիչը աշխարհի ռեկորդ է գրանցել 100 մետր ազատ ոճի մրցաձևում ու նվաճել ոսկե մեդալ: Նա տարածությունը հաղթահարել է 46,86 վայրկյանում:
Այդ մրցատարածությունում աշխարհի նախորդ ռեկորդը գրանցվել էր 2009 թվականին։ Բրազիլացի Սիելո Ֆիլյոն հաղթել էր 46,91 վայրկյան արդյունքով:
Հիշեցնենք, որ Հայաստանը չորս լողորդով է ներկայացել ԵԱ-ին:
Իտալիայի մայրաքաղաքում պայքարի մեջ կմտնեն Վարսենիկ Մանուչարյանը (50 և 100 մետր բաթերֆլյայ, 50 մետր ազատ ոճ, 50 մետր բրաս), Անի Պողոսյանը (50, 100, 200 մետր ազատ ոճ), Արթուր Բարսեղյանը (50 և 100 մետր ազատ ոճ, 50 և 100 մետր բաթերֆլյայ) և Վլադիմիր Մամիկոնյանը (50 և 100 մետր ազատ ոճ)։
Հայաստանի քառյակը կմասնակցի նաև 4x100 մետր ազատ ոճի մրցմանն ու խառը փոխանցումալողին։
Ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունն ավարտվելու է օգոտսոսի 21-ին:



