Logo

Պսևդոստիխներ. Մհեր Արշակյան

15:05 / 16.12.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-1

Ես չեմ կարող քեզ բառեր նվիրել
թեկուզ այն պատճառով,
որ բառերն իմը չեն…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-2

Զբոսանքն ու քունն ամենալավ
բանն են,
որ դու անում ես
առանց ինձ…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-3

Երբ ես քեզ կարոտում էի,
դու դեռ չկայիր…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-4

Եթե սիրում ես ինձ,
ինչո՞ւ ես միշտ նույնը…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-5

Քո մնալու հոմանիշը
չվերադառնալն է…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-6

Եթե դու միայն ինձ կարոտեիր,
ես քեզ միայն չէի սիրի…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-7

Տեր Աստված,
նույնիսկ քեզ չէր խանգարի
կասկածել…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-8

Դու հիմա ավելի հեռու ես,
քան՝ երբ չկայիր…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-9

Չնվիրված ոչ մի աստղ
չպետք է մնա երկնքում…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-10

Վերջապես
ստացա բոլոր այն նամակները,
որոնք դու չգրեցիր…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-11

Ինձ
չվիճակված տառապանքներից
դու ամենածանրն էիր…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-12

Տարվա մեջ մի օր կար,
ու նա քեզ հետ դուրս եկավ
տարուց…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-13

…կանչում եմ քեզ կանաչելու…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-14

Սիրում եմ,
երբ ապրում եմ հետմահու…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-15

Երբ դու չկաս,
կան միայն մարդիկ,
բայց երբ դու կաս,
կա ամբողջ աշխարհը…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-16

Ինչո՞ւ են քեզանից հետո
բոլորը դու,
երբ քեզանից առաջ
նույնիսկ դու
դու չէիր…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-17

Դու բառն ես,
որը ես դեռ չեմ վերջացրել:

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-18

Երեկ այնքան շատ գրեցի քեզ.
տողերս ցավում են:

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-19

Սարսափելի է քեզ կորցնել այնտեղ,
որտեղ դեռ չես եղել…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-20

Կսիրեի՞ քեզ նորից: Այո, կսիրեի:
Կսիրե՞մ քեզ նորից: Ոչ, չեմ սիրի…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-21

Կյանքս իր տեղում է՝
որտեղ վրիպեցիր:

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-22

Ես քո հանդեպ
ոչ արդար եղա, ոչ էլ անարդար,
ես քո հանդեպ ուղղակի եղա:

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-23

Ոչ կյանքն եմ սիրում,
ոչ քունը՝ անկյանք:

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-24

Միակ նվերը, որ
ճակատագիրն անում է ձեզ,
խլելն է…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-25

Վերևում ոչ ոք չկա,
բոլորը ներքևում են՝ տարբեր
խորություններում…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-26

Բանաստեղծություն է այն ամենը,
որտեղ ապրելու գործիքները քիչ են…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-27

Ես սիրել եմ
Աստվածաշունչ կերածի դեմքով մի
աղջկա…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-28

Միայն իմ մտքով կարող էր անցնել,
որ քեզ չեմ սիրում…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-29

Ես մեռել եմ երեք աշուն
անընդմեջ…

ՊՍԵՎԴՈՍՏԻԽ-30

Ես քեզ սիրեցի,
որովհետև դու նման չէիր
ոչ մեկին։
Հիմա դու նման ես բոլորին,
որոնց չեմ սիրում։

Աղբյուրը՝ Գրանիշ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ