Ֆրանսիայի Լիգա 1-ի 2-րդ տուրում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենսում» ընդունեց «Մոնպելյեին» ու հաղթանակ տարավ խոշոր՝ 5-2 հաշվով:
Փարիզյան թիմից դուբլով աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Նեյմարը, մեկական գոլ խփեցին ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ու պորտուգալացի նորեկ Ռենատու Սանշեշը: ՊՍԺ-ի օգտին ևս մեկ գնդակ խփեց մրցակցի մալիացի պաշտպան Ֆալայե Սակոն (ինքնագոլ): «Մոնպելյեի» կազմում գոլ խփեցին թունիսցի հարձակվող Վահբի Հազրին ու ֆրանսիացի պաշտպան Էնցո Չատոն:
23-րդ րոպեին Կիլիան Մբապեն վրիպեց 11-մետրանոցից, իսկ 85-րդ րոպեին Նեյմարի խփած հերթական գոլը չարձանագրվեց խաղից դուրս լինելու պատճառով:
«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսին մասնակցեց ամբողջ խաղին, սակայն արդյունավետ գործողությամբ (գոլ, գոլային փոխանցում) աչքի չընկավ:
1961/62 մրցաշրջանում «Ռեյմսի» գրանցած ցուցանիշից հետո ՊՍԺ-ն առաջին ակումբն է, որ Լիգա 1-ի մրցաշրջանի մեկնարկային 2 խաղում մրցակցի դարպասն ուղարկում է առնվազն 5 գնդակ (1-ին տուրում «Կլերմոնին» հաղթել է 5-0 հաշվով-խմբ.):
Լիգա 1, 2-րդ տուր
ՊՍԺ - «Մոնպելյե»՝ 5-2
Ֆալայե Սակո (ինքնագոլ), 23, Նեյմար, 43, 51, Կիլիան Մբապե, 69, Ռենատու Սանշեշ, 87 - Վահբի Հազրի, 58, Էնցո Չատո, 90+1
Չիրացված 11մ՝ Կիլիան Մբապե (ՊՍԺ), 23
ՊՍԺ-ն 6 միավորով առաջատարն է, «Մոնպելյեն» 3 միավորով 8-րդն է: 3-րդ տուրում Քրիստոֆ Գալտյեի թիմն օգոստոսի 21-ին կհյուրընկալվի «Լիլին»:


