ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Ուսման Դեմբելեն, Աշրաֆ Հաքիմին, Ռանդալ Կոլո Մուանին ու Լեյվին Կուրզավան, Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի (LFP) որոշմամբ, մեկական խաղով որակազրկվել են «Մարսելի» դեմ Լիգա 1-ի 6-րդ տուրի մրցավեճից (4-0) հետո վիրավորանքներ հնչեցնելու համար, հաղորդում է Ֆրանսիայի առաջնության կայքը:
Կառույցը նաև պատասխանատվության է ենթարկել փարիզյան ակումբին «Պարկ դե Պրենսում» կայացած խաղին երկրպագուների հոմոֆոբ վանկարկումների համար: Կոմիտեն որոշել է մեկ խաղով փակել ստադիոնի տրիբունաներից մեկը, ևս մեկ խաղով՝ պայմանական:
Ավելի վաղ նշված ֆուտբոլիստները սոցիալական ցանցերում գրառումներով ներողություն էին խնդրել «Մարսելի» երկրպագուներից նրանց վիրավորելու համար:
Լիգա 1-ի առաջիկա տուրում ՊՍԺ-ն հյուր կգնա «Ռենին»:


