Logo

ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը

00:50 / 01.06.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ն իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը` «Մյունխենի Ֆուտբոլի Արենայում» կայացած եզրափակիչում 5-0 հաշվով հաղթելով Միլանի «Ինտերին»:

ՊՍԺ-ն 2024/25 մրցաշրջանում թրեբլ ձևակերպեց. փարիզյան գրանդը նաև նվաճել էր Ֆրանսիայի գավաթն ու Լիգա 1-ի չեմպիոնական տիտղոսը: ՊՍԺ-ն ավարտված մրցաշրջանում հաղթել էր նաև Ֆրանսիայի սուպերգավաթը:

12-րդ րոպեին Դեզիրե Դուեի փոխանցումից հետո հաշիվը բացել է մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմին: Այս գոլի դրվագում իտալական գրանդի պաշտպանությունը հսկայական ազատ տարածություններ էր թողել մրցակցի ֆուտբոլիստներին: 8 րոպե անց էլ փարիզցիները հակագրոհով երկրորդ գնդակն են ուղարկել Յան Զոմերի դարպասը: Ուսման Դեմբելեի արագացումից ու փոխանցումից հետո գոլ է խփել 19-ամյա ֆրանսիացի վինգեր Դեզիրե Դուեն:

Ընդհանուր առմամբ` Լուիս Էնրիկեի գլխավորած թիմն առաջին խաղակեսում 13 հարված է կատարել, 5-ը` դարպասին: «Ինտերի» ֆուտբոլիստները երկու շեղ հարված են կատարել: Առաջին խաղակեսի ժամանակի 63 տոկոսում գնդակին տիրել են ՊՍԺ-ի ֆուտբոլիստները:

Երկրորդ խաղակեսում պատկերը չի փոխվել. ՊՍԺ-ն շարունակել է գերակա լինել: 63-րդ րոպեին Դեզիրե Դուեն պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյայից ստացած փոխանցումից հետո դուբլ է գրանցել: 10 րոպե անց էլ Դեմբելեի փոխանցումից հետո վրացի Խվիչա Կվարացխելիան է գոլ խփել, իսկ 86-ին ֆրանսիացի կիսապաշտպան Սենի Մայուլուն դրել է խաղի վերջակետը` 5-0:

«Ինտերի» կազմում մեկնարկից խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու, 36-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 62-րդ րոպեին:

Մխիթարյանն «Ինտերի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարտվել էր նաև 2023 թվականին: Այդ ժամանակ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 0-1 հաշվով զիջել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Մխիթարյանը պատմության մեջ առաջին հայ ֆուտբոլիստն է, որը մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչին մեկնարկից:

ՊՍԺ-ն գլխավորող իսպանացի Լուիս Էնրիկեն 10 տարի առաջ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել էր կատալոնական «Բարսելոնայի» ղեկին: Այդ ժամանակ եզրափակիչում «Բարսելոնան» 3-1 հաշվով հաղթել էր Թուրինի «Յուվենտուսին»: Կատալոնական գրանդն այդ մրցաշրջանում թրեբլ էր ձևակերպել:

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

ՊՍԺ (Ֆրանսիա) - «Ինտեր» (Իտալիա)` 5-0 (տեսանյութ)

Աշրաֆ Հաքիմի, 12, Դեզիրե Դուե, 20, 63, Խվիչա Կվարացխելիա, 73, Սենի Մայուլու, 86

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ