Ֆրանսիական ՊՍԺ-ն դիտարկում է իտալական «Միլանի» դարպասապահ Մայք Մենյանի տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորությունը, հայտնում է GFFN-ը:
Փարիզյան գրանդի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դժգոհ է հիմնական դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայից և չի վստահում նրան:
ՊՍԺ-ի ղեկավարները որպես ալտերնատիվ տարբերակ քննարկում են նաև «Լիլի» դարպասապահ Լյուկա Շեվալյեի թեկնածությունը:
25-ամյա Դոնարումայի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ «Ներաձուրին» կփորձի ձեռք բերել Դոնարումային, եթե իտալացին որոշի մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ՊՍԺ-ից:
Դոնարուման կարիերան սկսել է «Ինտերի» համաքաղաքային մրցակցի` «Միլանի» կազմում։ Դոնարուման «Ռոսոներիի» համակարգում հանդես է եկել 2013-2021թթ. և 251 խաղից 88-ում դարպասն անառիկ է պահել։ Նա 2021թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել էր «Պարի Սեն-Ժերմեն»։