Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ժամանել է Սաուդյան Արաբիա և այցելել «Ալ Իթիհադ» ակումբի մարզաբազա։ Իտալական մամուլը սկսել է քննարկել Ֆրանսիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստի՝ արաբական ակումբ հավանական տրանսֆերը։
TuttoJuve-ի համաձայն՝ Պոգբայի այցը Սաուդյան Արաբիա կապված չէ ֆուտբոլի հետ։ Նա արաբական երկրում անցկացրել է արձակուրդի մի քանի օրերը և արդեն վերադարձել է Թուրին։
«Ալ Իթիհադը» շարունակում է Պոգբային ձեռք բերելու փորձերը, սակայն ֆրանսիացին առայժմ մտադիր է մնալ «Յուվենտուսում», որի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Սաուդյան Արաբիայի չեմպիոնը պատրաստ է կիսապաշտպանին առաջարկել 100 միլիոն եվրո աշխատավարձ երեք տարվա համար։
Հիշեցնենք, որ Պոլ Պոգբան 2022 թվականին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» է վերադարձել իտալական ակումբ, որի կազմում 2022/23 մրցաշրջանում մասնակցել է 9 հանդիպման ու կատարել 1 գոլային փոխանցում։


