Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Ռուի Պատրիսիուն հայտարարել է, որ հեռացել է իտալական «Ռոմայից».
«Շնորհակալ եմ «Ռոմային» այս երեք տարվա համար։ 129 հանդիպում և եվրագավաթային երկու եզրափակիչ...
Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել ակումբի տնօրենների խորհրդին, ֆուտբոլիստներին, մարզիչներին, բժշկական անձնակազմին, խոհարարներին, անվտանգության, պահեստի ու մամուլի ծառայության աշխատակիցներին և բոլոր նրանց, որոնց հետ աշխատել եմ այս տարիների ընթացքում։
Առանձնահատուկ շնորհակալ եմ և ամուր գրկում եմ երկրպագուներին, որոնք այս անմոռանալի ճամփորդության ժամանակ միշտ աջակցել են ինձ։
Իմ ճամփորդությունը Հռոմում ավարտվում է ֆուտբոլային և անձնական տպավորիչ հիշողություններով։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք և հուսով եմ` կշարունակեք նույն նպատակասլացությամբ տիտղոսներ նվաճել»,- սոցցանցերում գրել է պորտուգալացին։
36-ամյա դարպասապահը հռոմեական ակումբ էր տեղափոխվել 2021 թ. ամռանը և 129 խաղում դարպասը 39 անգամ պահել է անառիկ։ «Ջալոռոսիի» հետ պայմանագիրն ավարտվել է և նա ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։ Պատրիսիուն 2022 թ. «Ռոմայի» հետ նվաճել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթը, իսկ 2023 թ. հանդես է եկել Եվրոպա լիգայի եզրափակիչում, սակայն պարտվել է իսպանական «Սևիլիային» (1-2)։
Պատրիսիուն այժմ Պորտուգալիայի հավաքականի ճամբարում է և մասնակցում է Եվրո-2024-ին։


