Logo

«Փյունիկի» տնօրենը ներողություն է խնդրել դաշտ մտած պատանիին հարվածելու համար

18:08 / 20.07.2022• Հայկական ֆուտբոլ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր տնօրեն Կիմ Առաքելյանը ներողություն է խնդրել Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղից հետո տեղի ունեցած միջադեպի համար։

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղից հետո մի շարք երկրպագուներ, այդ թվում՝ պատանիներ, ներխուժել էին խաղադաշտ։ Կիմ Առաքելյանը տապալել ու հարվածել էր պատանի երկրպագուներից մեկին։ Այդ միջադեպը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում։

«Հարգելի երկրպագուներ, 

Ցանկանում եմ հայցել ձեր ներողամտությունը «Դյուդելանժի» հետ տնային խաղի ավարտից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Միջազգային հանդիպումներ կազմակերպող իմ գործընկերները շատ լավ կհասկանան, որ այս խաղերն իրենցից ենթադրում են մեծ պատասխանատվություն, և ցանկացած խախտում կարող է լուրջ հետևանքների առաջ կանգնեցնել ակումբին, ընդհուպ մինչև ամբողջ թիմի որակազրկում ու արգելք մասնակցելու եվրոպական մրցաշարերին: 

Այնուամենայնիվ, քաջ գիտակցում եմ ու կրում եմ ամբողջ պատասխանատվությունը տեղի ունեցածի համար: Նվիրված լինելով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին ու մեր երկրին՝ չկարողացա, ինչպես հարկն է, արձագանքել ու թույլ տվեցի զգացմունքներիս կառավարել ինձ: Ներողություն եմ խնդրում ակումբի հետ կապված բոլոր անձանցից ու փյունիկցիներից, քանի որ այս ակումբը միմիայն հաղթանակների, պատմության ու հարգանքի խորհրդանիշն է: 

Եվ վերջում, խնդրում եմ տրամադրել երեխայի ծնողների կոնտակտները, որպեսզի կապ հաստատեմ նրանց հետ ու անձամբ ներողություն խնդրեմ ծնողներից և տղայից միջադեպի համար:

Շնորհակալություն»,- ֆեյսբուքյան էջում գրել է Կիմ Առաքելյանը։

Հիշեցնենք, որ այդ խաղում «Փյունիկը» պարտվել էր նվազագույն հաշվով։ Պատասխան հանդիպումը Լյուքսեմբուրգում կկայանա հուլիսի 26-ին: 

«Փյունիկ» - «Դյուդելանժ» զույգի հաղթողը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի Սերբիայի չեմպիոն «Զրվենա Զվեզդայի» հետ: Այս դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կխաղա «Մալմյո» (Շվեդիա) - «Ժալգիրիս» (Լիտվա) զույգի պարտվողի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ