Վաշինգտոն. DC մարզաբազա. առավոտյան ժամը 7-ն է, «Ռեդ Դևիլսի» բասկետբոլիստները դեռ չեն ժամանել...
Մանրահատակին, սակայն, բասկետբոլիստ կա՝ երեք՝ տարբեր չափերի գնդակներով. նա մարզում է տուգանային նետումները, հետո՝ նետում միջին տարածությունից ու մարզումն ավարտում կորագծի մոտ: Երիտասարդ բասկետբոլիստի կողքին նրա նախկին դայակն ու գործող մարզիչն է՝ Քեյթ Ուիլյամսը.
Հայրը լքել էր ընտանիքը, երբ Մարկելը դեռ 2 տարեկան էր: Մայրը՝ Էբոնին, մի քանի տեղ էր աշխատում՝ ընտանիքի կարիքները հոգալու համար: Նրա մոտ ընկերուհի Քեյթն էլ խնամում էր փոքրիկներին: Ժամանակի ընթացքում Ուիլյամսը հասկացավ, որ Մարկելը բասկետբոլային ունակություններ ունի: Քեյթը երիտասարդ տարիքում զբաղվել էր բասկետբոլով, ուստի որոշեց իր փորձը փոխանցել երիտասարդ Մարկելին:

Համեստ ու քչախոս տղան մանրահատակին իսկական հրեշի էր վերածվում: Աթլետիկ, բարձր IQ-ով ու մանրահատակը տեսնելու յուրահատուկ կարողությամբ Մարկելը դեռ քոլեջից համարվում էր իր սերնդի լավագույններից մեկն ԱՄՆ-ում: Վաշինգտոնի համալսարանական թիմում նրա խաղը նոր մակարդակի բարձրացավ, երկրպագուներն ու թիմակիցները նրան «Քչախոս ասասին» էին անվանում:
Քոլեջում Ֆուլցի գլխավոր մրցակիցը Ջեյսոն Թեյթումն էր, որին ճակատագիրը հետո կրկին կապեց Մարկելի հետ: Համալսարանում էլ էպիկ էին ստացվում նրա և Լոս Անջելեսի համալսարանական թիմի աստղ Լոնզո Բոլի դիմակայությունները: Մարկելը ֆրեշմենի տարում միջինը 19 միավոր էր վաստակում, տիրում էր 9 անդրադարձի և կատարում 5 արդյունավետ փոպանցում: 2017 թվականի դրաֆթի նախաշեմին Ֆուլցն առաջին ընտրություն դառնալու գլխավոր հավակնորդն էր:
Ֆիլադելֆիայում բասկետբոլային փազլ էին հավաքում: Թիմն ուներ Բեն Սիմոնս և Ջոել Էմբիդ: Մանրահատակին այս երկուսի միջև կապող օղակ դառնալու համար «Սիքսերսին» աթլետիկ խաղացող էր պետք՝ փլեյմեյքինգի կարողություններով: «Ֆիլայի» ֆրոնտ-օֆիսը 2017 թվականի 3-րդ փիքն ու 2018 թվականի ընտրության 5-րդ հնարավորությունն ուղարկեց «Բոսթոն Սելթիքս» և ստացավ առաջինն ընտրելու հնարավորությունը: «Սելթիքսն» այդ դրաֆթում ընտրեց Ջեյսոն Թեյթումին, «Սևենթիսիքսերսն» էլ առաջին համարով ընտրեց Մարկել Ֆուլցին.
«Ֆիլադելֆիան» մեծ հույսեր էր կապում Մարկելի հետ, մեկնարկային խաղը հուսադրող էր. 10 միավոր, 3 ռեբաունդ, 1 ասիստ՝ 18 րոպեում: Բայց Ֆուլցը մարզման ընթացքում ուսի վնասվածք ստացավ, որը, ինչպես հետագայում պարզ դարձավ, փչացրեց ռուքիի կարիերան: 1 ամիս անց Ֆուլցը վերադարձավ և 4 խաղում 0 տոկոս գրանցեց կորագծից: Խաղից էլ Մարկելը նետում էր ռեկորդային վատ՝ 33 տոկոս արդյունավետությամբ, տուգանային նետումների մասին ընդհանրապես կարելի է լռել.
Հոգեբանակա՞ն էր խնդիրը, թե՞ ֆիզիկական՝ պատասխանում է հենց Ֆուլցը.
Մարկելի ծանր ռուքի-մրցաշրջանի մասին պատմում է նաև Քեյթ Ուիլյամսը.
Խնդիրը, փաստորեն, ոչ միայն ֆիզիկական էր, այլև հոգեբանական: Ծնկի վնասվածք, ուսի վնասվածքի կրկնություն, ոչ ստաբիլ ու ոչ ամբողջական 1,5 մրցաշրջանի ընթացքում ընդամենը 32 հանդիպում... «Սիքսերսի» համբերության բաժակը լցվեց: Ակումբը 2019-ին Ֆուլցին թրեյդեց «Օռլանդո Մեջիք»:
ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁ

Օռլանդոյում վնասվածքները շարունակում էին հետապնդել Մարկելին, բայց 5 մրցաշրջանների ընթացքում Ֆուլցը կարևոր դերակատար դարձավ «Հրաշագործների համար»: 2022/23 մրցաշրջանը լավագույնն էր Ֆուլցի համար. միջինը՝ 14 միավոր, 6 ասիստ, 4 ռեբաունդ: Կարիերայում առաջին անգամ Մարկելը երկու 60 պլյուս խաղով մրցաշրջան անցկացրեց: Բայց երբեմնի պոտենցիալը ռեալիզացնել այդպես էլ չստացվեց: 2024 թվականին՝ «Մեջիքի» հետ փլեյ-օֆֆ դուրս գալուց հետո, Ֆուլցը հեռացավ NBA-ից...
1 տարի NBA-ից դուրս լինելուց հետո 26-ամյա Մարկել Ֆուլցը վերադառնալու հերթական հնարավորությունն է ստացել: 2017 թվականի դրաֆթի առաջին համարը միացել է առանց խաղարկողի մնացած «Սակրամենտո Քինգզին»: Երբեմնի լավագույն համալսարանականը պետք է փորձի ապացուցել «Արքաներին», որ արժանի է NBA-ում մնալուն:
Ֆուլցին ոմանք համարում են դրաֆթի գլխավոր «Bust»-երից, ոմանք կարծում են, որ նա երբեք էլ լավ բասկետբոլիստ չի եղել, և որ նրա շուրջ ստեղծված հայփն անիրական է ու սին: Բայց ոչ ոք ապահովագրված չէ վնասվածքներից, ծանր իրավիճակներից ու ձախողումներից: Մարկելի դեպքում դա զուգորդվեց նաև հոգեբանական խնդիրներով, որոնց մասին բասկետբոլիստը սկսեց խոսել միայն վերջերս.


