«Ֆինիքս Սանզը» պաշտոնապես հայտարարել է «Բրուքլինի» առաջատար Քևին Դյուրանտի հետ պայմանագիր կնքելու մասին։ 34-ամյա ամերիկացի բասկետբոլիստից բացի, «Բրուքլինից» «Ֆինիքս» է տեղափոխվել նաև Թի Ջեյ Ուորենը:
«Նեթսը» Դյուրանտի ու Ուորենի դիմաց ստացել է Միկալ Բրիջսին, Քեմերոն Ջոնսոնին, Ջեյ Քրաուդերին, առաջին փուլի չորս դրաֆթ-պիկ (2023, 2025, 2027, 2029 թվականներին) ու լրացուցիչ փոխհատուցում դրաֆթում:
«Մենք ուրախ ենք ողջունել Քևինին և Թի Ջեյին «Ֆինիքսում»: Նրանք երկուսն էլ դինամիկ ռմբարկուներ են և սիրում են մրցակցությունը, մեզ ավելի ուժեղ կդարձնեն: Մենք շատ ուրախ ենք դրա համար»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում նշել է Բասկետբոլի օպերացիաների նախագահ և գլխավոր տնօրեն Ջեյմս Ջոնսը:
Սա «Բրուքլինի» մասնակցությամբ երկրորդ անընդմեջ խոշոր գործարքն է։ Ավելի վաղ «Նեթսն» ամերիկացի Կայրի Իրվինգին փոխանակել էր «Դալաս Մավերիքս» հետ։
Հիշեցնենք, որ Քևին Դյուրանտը 2019 թվականից էր խաղում «Բրուքլին Նեթսում»: Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ընթացիկ մրցաշրջանում աստղային բասկետբոլիստի միջին արդյունավետությունը կազմում է 29,7 միավոր, 6,7 ռեբաունդ և 5,3 ասիստ:


