Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հետևել է Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ հանդիպմանը, որում մրցում էին Ելենա Ռիբակինան (Ղազախստան) և Արինա Սոբոլենկոն (Բելառուս):
Հիշեցնենք, որ Արինա Սոբոլենկոն 4-6, 6-3, 6-4 հաշվով հաղթանակ է տարել՝ նվաճելով իր մարզական կարիերայի առաջին «Մեծ սաղավարտը»:
«Հիմա Արինան ամեն ինչ ունի: Նրան պետք է մաղթենք անձնական երջանկություն, առողջություն ու նորանոր հաղթանակներ: Շնորհավոր: Արինա, քեզ համար»,- Բելառուսի նախագահի պաշտոնական տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութում ասում է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բարձրացնելով բաժակը: Բելառուսի նախագահի կողքին նստած է Բելառուսի թենիսի ֆեդերացիայի նախկին նախագահ Սերգեյ Տետերինը:
Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթանակի համար Արինա Սոբոլենկոն կստանա գրեթե 2 միլիոն դոլար, ինչպես նաև 2000 վարկանիշային միավոր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 51 միլիոն դոլար է:
2022 թվականին Australian Open-ի կանանց մենախաղի հաղթողի տիտղոսը նվաճել էր ավստրալուհի Էշլի Բարթին:
Այս մրցաշրջանում տղամարդկանց մենախաղի եզրափակիչում կմրցեն հույն Ստեֆանոս Ցիցիպասն ու սերբ Նովակ Ջոկովիչը: Հանդիպումը կկայանա հունվարի 29-ին, մեկնարկը՝ ժամը 12:30-ին:


