Քրիստ Մանարյանը երգահան է, դրամատուրգ, սցենարիստ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանի որդին է։ Հեռուստատեսային մի շարք ծրագրերի ,«Ոսկեջրած ձկնիկը» և «Ջին ջան» թատերական պիեսների, «Երաժշտական այբուբենի» հեղինակն է, հայ-ամերիկյան «Կորած մոլորվածը Հայաստանում» և «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի սցենարիստը։
Հեղինակել է ավելի քան 350 երգ, խաղացել է 15 թատերական և հեռուստատեսային բեմադրություններում, նկարահանվել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում:
Վերջերս Քրիստ Մանարյանը վիպակ է հրատարակել «Գլենդելում, Բրանդ փողոցում, կամ՝ առանց ճակատագրի», որը մաս-մաս այսուհետ կարող եք ընթերցել մեր կայքում:
Մենք զրուցել են Քրիստ Մանարյանի հետ այդ վիպակի, երաժշտության, հեռուստատեսության և մի շարք այլ հետաքրքիր թեմաներով:

– Պարոն Մանարյան, երաժշտություն, կինո, հաղորդումներ. սրանք այն ոլորտներն են, որտեղ Դուք մեծ գործ եք արել, հեղինակել եք հայտնի և սիրված նախագծեր: Ինչո՞վ է պայմանավորված ստեղծագործական այս «բազմապրոֆիլությունը». պահանջարկո՞վ, թե՞ ինքնադրսևորվելու լայն կարողություններով:
– Հարգելի Շուշան, այդ բազմապրոֆիլությունը մեր՝ Մանարյանների ցեղի խարանն է`էդպիսին է հայրս, էդպիսին էր հանգուցյալ հորեղբայրս, որն իր առաջին մասնագիտությամբ խմբավար էր և ավարտել էր Կոմիտասի անվան կոնսերվատորիան, էդպիսին է դուստրս` Լիլիթը, երաժիշտ, նկարչուհի, բանաստեղծուհի…ամենայն անկեղծությամբ ասում եմ` չէի ցանկանա լինել «բազմապրոֆիլ», շատ ավելի հեշտ է հասնել բարձրունքների, երբ ուժերդ մի տեղ ես կուտակում: Բայց բնության դեմ գնալ չի ստացվում:
Հաճախ է պատահում, որ օրը սկսելուց առաջ մտածում եմ` ո՞վ եմ այսօր. երգահա՞ն, թե՞ սցենարիստ, գուցե մանկագի՞ր, կամ էլ հեռուստառեժիսո՞ր… Անգամ սերիալում եմ խաղացել: Ինչպես երեխաներիցդ ոչ մեկին չես առանձնացնի, այնպես էլ մասնագիտություններս չեմ կարող: Հոգնում եմ, բայց չանել էլ չեմ կարող, արդեն հաշտվել ու սովորել եմ:

– Դուք բազմաթիվ երգերի հեղինակ եք, ձեր երգերը կատարում են հայտնի երգիչ-երգչուհիները: Գրել եք նաև մանկական երգեր. մասնավորապես «Երաժշտական այբուբենն» է շատ հայտնի և սիրված: Ինչպե՞ս ստացվեց, որ մանուկների համար էլ սկսեցիք ստեղծագործել:
– Հորս` Երվանդ Մանարյանի շնորհիվ սիրեցի տիկնիկային թատրոնն ու նրա մանկահասակ հանդիսատեսին: Սովետական բանակում ծառայելիս՝ գրում էի հեքիաթներ երեխաների համար, որոնք հետագայում տպեցի գրքի տեսքով: Մանուկների համար ստեղծագործելն ամենապատվաբերն ու հաճելին է, երեխաներն աչքիդ առաջ ձևավորվող հոգիներ են, նրանց գրագետ ու հայրենասեր մեծացնելու գործում ամեն ջանք ու չարչարանք արդարացված է: Մանուկների հետ ինքս էլ զգում եմ ինձ որպես երեխա, ընկնում եմ նրանց խելքին, դառնում եմ չարաճճի: Եվ շատ եմ ուզում, որ մեր հայ երեխաները մեծանան ինքնավստահ, պատվախնդիր ու համարձակ. ապագայում նրանք են լինելու մեր ունեցած ամեն ինչի տերերը: Հանուն նրանց արված ցանկացած զոհողություն մեծագույն հոգեկան բավարարություն է բերում:
– Ֆիլմերի սցենարներ. «Կորած մոլորվածը Հայաստանում», «Գարեգին Նժդեհ», Ամանորյա ծրագրեր: Ինչպե՞ս եք կարողանում այդքան բազմազան և իրարից տարբեր նախագծեր հեղինակել և չկրկնվել:
– Դա կոչվում է անձի բազմափեղկում… կատակում եմ, իհարկե: Թեև նման ինչ-որ բան այնուամենայնիվ զգում եմ…ժամանակ կար, որ իմ առջև նույնիսկ նպատակ էի դրել` հատկապես գրական մեծ կտավի յուրաքանչյուր ստեղծագործություն գրել այնպես, որ կարդացողին թվա, թե դրանք միանգամայն տարբեր հեղինակների գործեր են, տարբեր ձեռագրերով: Կոպիտ ասած`դերասանի կերպարանափոխվելու արվեստը բերել գրականություն ու կինո, ամեն անգամ «փոխել» հեղինակին: Բայց հետո հասկացա, որ ինքնանպատակ նկրտումներն առանձնապես գին չունեն ո՛չ արվեստում, ո՛չ էլ` կյանքում: Կարևորն ասելիքն է, ոգեղենությունը, հավատը դավանածդ արժեքների ու սկզբունքների հանդեպ: Կարելի է մի ամբողջ վիպակ գրել ենթադրենք դաշտում աճող խոտի մասին: Եվ այնքան հետաքրքիր ու գունեղ, որ մի շնչով կարդացվի: Բայց մի՞թե տասնյակ հազարամյակներ գոյատևած ու կռիվ տված մեր երկրում, մեր այսօրվա բարդ իրականությունում ավելի արժեքավոր թեմաներ չկան… Իհարկե, բազմազանությունը միշտ էլ հետաքրքիր է, անգամ հեղինակի համար, էլ չասենք` ընթերցողի ու հանդիսատեսի համար: Նույնիսկ պարտադիր պայման է, սակայն ինչպես և ամեն ինչ, պիտի լինի ընդունելի չափերի մեջ:
– 2005-2008 թթ. ԱՄՆ-ում էիք: Հենց այնտե՞ղ եք գրել «Գլենդելում, Բրանդ փողոցում, կամ՝ առանց ճակատագրի» վեպը:
– Ես ԱՄՆ այցելել ու ապրել եմ էնտեղ երկու անգամ, ինչպես և վեպիս հերոսը: Սակայն վերոհիշյալ ստեղծագործությունը գրել եմ արդեն Երևանում, երկրորդ անգամ վերադառնալուց հետո: Տարիներ պահանջվեցին, որ ստիպեմ ինձ այն ավարտել, մոտավորապես 100 էջ էլ կրճատեցի ու ջնջեցի, այն էլ այնպես, որ չկարողանամ երբևէ դրանք վերականգնել. չէի ուզում ընթերցողին ձանձրացնել: Գրել եմ մեծ ցավով, վեպում տեղ գտած իրադարձությունների երևի հիսուն տոկոսը վերցված են իմ տեսած իրականությունից, մնացյալը` երևակայությանս արդյունքն են: Ինքս իմ գրական ոճը կոչում եմ գեղարվեստական փաստավավերագրություն` երբ վերցնում ես այն, ինչ որ կա ու անխնա խառնում ես նրա հետ, ինչը որ կարող էր լինել: Ու այնպես ես ջնջում դրանց սահմանները, որ ժամանակ անց արդեն ինքդ չկարողանաս դրանք զանազանել:
– Ինչի՞ մասին է վեպը:
Երկու խոսքով ասեմ` վեպը երևանցի արվեստագետի մասին է, որին պետական չինովնիկների անտարբեր, անհանդուրժելի կեցվածքը ստիպում է թքել ամեն ինչի վրա ու արտագաղթել: Բայց էն արժեքները, որոնք ունի յուրաքանչյուր նորմալ, կարգին մարդ, չասեմ անպայման արվեստագետ, աննկատ գլուխ են բարձրացնում նրա հոգում ու դնում են հերոսին ծանր ընտրության առջև… Ավելին չեմ ուզում մանրամասնել, որ ընթերցողին հետաքրքիր լինի: Կա նաև ֆանտաստիկ , միստիկ տարրեր, ինչը գրեթե պարտադիր պայման է դարձել իմ այս շրջանի բոլոր գործերի համար: Կարճ ասած` չի կարելի մարդուն կտրել հայրենիքից, ինչպես որ չի կարելի ծառը պոկել հողից: Եվ ամեն մարդ, նույնիսկ ամենասովորականն ու չերևացողը, իրենից արժեք է ներկայացնում: Ինչպես նկատում է իմ հերոսը՝ այս կյանք-թատրոնը միայն պրիմա դերասաններով չի թատրոն, դռնապանի դերակատար էլ է պետք, առանց նրա ներկայացումը չի կայանա:

– Հայկական ամենաարդիական խնդիրն ու ցավը՝ արտագաղթը, օտարության մեջ ապրելը ոչ տրագիկ, թեթև և առանց դրամաների ներկայացնելը հե՞շտ էր:
– Կարծես՝ այնքան էլ դժվար չէր. պիտի ընդամենը լավ աշխատեն արգելակներդ, այսպես ասեմ: Օտարության մեջ, որպեսզի չխելագարվես, ուղղակի «անջատում ես» հոգիդ ու ապրում ես ինքնահոսով, ասես առանց դրա: Բայց մեկ էլ շրջվում ու տեսնում ես, որ տարիներ են թռել, մարդիկ են մահացել, իսկ դու շարունակում ես չղեկավարվող մակույկի պես լողալ գեղեցիկ, բայց անհայտ ջրերում, հայտնի չէ, թե ուր… Ինձ երբեմն ասում են`գրականությունդ ծայրաստիճան էմոցիոնալ է, երբեմն էլ ասում են լրիվ հակառակը: Համենայն դեպս ինքս «Գլենդելը» գրելիս հերոսիս համար որդեգրել եմ հայեցողի կարգավիճակը, որը, հավատացեք, ամենից շատ է պարունակում իր մեջ չասված ասելիք ու հենց այդ իմաստով նմանվում է մարմանդ կրակին դրված ռումբի` չգիտես, թե երբ կպայթի: Մյուս կողմից` կիրթ ու ինտիլիգենտ մարդու կարգավիճակն արդեն ինքնին դրամա է, ուզածդ ժամանակ, ուզածդ հասարակությունում:
– «Երևան. Ճեպանկարներ»: Հավանեցի՞ք գաղափարը: Հե՞շտ էր Երևանի մասին ճեպանկարների ֆորմատին համապատասխան տեքստեր գրելը:
Գաղափարը շատ հավանեցի ու իսկույն դրական արձագանքեցի առաջարկին: Կարճ, լակոնիկ ու միաժամանակ բովանդակալից արտահայտվելը երբեք էլ հեշտ չի: Բայց անսահման մեծ սերը հարազատ Երևանի ու նրա պատմության հանդեպ, ինչպես նաև նկարիչներ Արարատ Մինասյանի ու Զաքար Դեմիրճյանի փայլուն աշխատանքը, խմբագիր Հայկ Համբարձումյանի գրագետ, պահանջկոտ և համբերատար մոտեցումն ու ընդհանրապես`«Զանգակ» հրատարակչության բանիմաց, բաց, ժամանակակից աշխատելաոճը օգնեցին, որ գործը գլուխ բերեմ: Իհարկե ամեն ինչ չի, որ կարողացանք մեր թիմով ներկայացնել այդ գրքում, ինչ որ բաներ էլ դուրս մնացին: Որովհետև Երևանի մասին կարելի է խոսել անվերջ ու անսպառ: Բայց դուրս մնացածը հաճախ ծիլի պես սկսում է աճել, մեծանալ ու երբեմն դառնում է նոր, առանձին ստեղծագործության հիմնաքար…


