Նիդեռլանդների հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը քննադատել է կատալոնական «Բարսելոնայի» գործելաոճը:
Հոլանդացուն զայրացրել է իր հայրենակից, կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ոչ պաշտոնական տեղեկություններով, «Բարսելոնան» Դե Յոնգից պահանջել է 50 տոկոսով կրճատել աշխատավարձը թիմում մնալու համար: Կատալոնական ակումբը պետք է թեթևացնի աշխատավարձերի բյուջեն, որպեսզի կարողանա պաշտոնական խաղերի համար գրանցել նորեկներին:
«Ո՞վ է պաշտպանելու խաղացողներին: Ծիծաղելի է, նրանք խաղացողներ են գնում, բարձր մակարդակի տրանսֆերներ անում, բայց չեն կարողանում վճարել նրանց»,- Վան դեր Վարտի խոսքը մեջբերում է OS-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 2019 թվականի հուլիսին 86 միլիոն եվրոյով էր Ամստերդամի «Այաքսից» ձեռք բերել Ֆրենկի դե Յոնգին:


