Logo

Ռաֆայել Մեհրաբյան. «Անկախ ամեն ինչից՝ լավագույնս ենք պատրաստվելու աշխարհի առաջնությանը»

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:30 / 05.02.2023Բռնցքամարտ
Բացառիկ
Ռաֆայել Մեհրաբյան

Երևանում ավարտված բռնցքամարտի կանանց Հայաստանի առաջնությունը մտահոգել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանին։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչը VNews-ին հայտնեց, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ հավաքականի մի քանի առաջատարներ տարեսկզբին մրցափորձի իսպառ բացակայությամբ են մասնակցելու շուրջ մեկ ամսից կայանալիք աշխարհի առաջնությանը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ նրանց ելույթներին։

Ամփոփելով Հայաստանի առաջնության արդյունքները՝ փորձառու մասնագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ երեք քաշային կարգում ելույթ ունեցավ ընդհանուր առմամբ 14 մարզուհի։

«Մենամարտերի որակից, կարելի է ասել, գոհ եմ, իսկ ահա մասնակիցների քանակը խիստ անբավարար էր։ Վհատեցրեց, որ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ Եկատերինա Սիչևան (54 կգ) և Սոնա Հարությունյանը (63 կգ) ու աշխարհամասի չեմպիոն Անի Հովսեփյանը (70 կգ) մրցակիցներ չունենալու պատճառով չկարողացան մասնակցել Հայաստանի առաջնությանը։ Նրանց մասնակցությունը շատ կարևոր էր, քանի որ պատրաստվում են աշխարհի առաջնությանը։ Հիասթափվեցի՝ տեղեկանալով, որ որոշ մարզուհիներ փոխել են քաշային կարգը, որպեսզի խուսափեն մեր ուժեղագույնների հետ մրցելուց։ Ընդ որում՝ դա արել են առանց ինձ տեղյակ պահելու։ Բանն այն է, որ նրանք մարզվում են իրենց մարզադպրոցներում և որոշումը կայացրել են ինքնուրույն։ Հիմա ստացվում է, որ մեր առաջատարները համաշխարհային ստուգատեսին ներկայանալու են առանց մրցակցային մենամարտեր անցկացնելու, քանզի նույնիսկ միջազգային մրցաշարի մասնակցելու հնարավորություն չունենք»,- հայտարարեց Ռաֆայել Մեհրաբյանը։

Գլխավոր մարզիչը նշեց, որ այդ առումով ավելի հաջողակ էին մյուս երեք քաշային կարգերում ելույթ ունեցող մարզուհիները։ «Նախապատրաստական շրջանի առանձնահատկություններից ելնելով՝ լավ տպավորություն թողեց Անուշ Գրիգորյանը, որը, ճիշտ է, ելույթ ունեցավ իր համար սովորականից բարձր՝ 52 կգ քաշային կարգում, բայց երկու կարևոր մենամարտ անցկացնելու հնարավորություն ունեցավ։ 57 կգ քաշային կարգում նույնպես ունեինք երեք մասնակից։ Ցանկանում էի կողմնորոշվել, թե այդ քաշային կարգի մարզուհիներից ով է առավել պատրաստ աշխարհի առաջնությանը մասնակցելուն։ Վերջնական որոշում դեռ չեմ կայացրել, բայց, ամենայն հավանականությամբ, նախապատվությունը կտամ չեմպիոնի կոչումը նվաճած Տաթևիկ Խաչատրյանին, որն ավելի համոզիչ տպավորություն թողեց։ Մեծ ներուժ ունի նաև 48 կգ քաշային կարգում հաղթած Գայանե Տեր-Բարսեղյանը, որին կարող է փոքր-ինչ խանգարել միայն մեծահասակների մրցումներին մասնակցելու սահմանափակ փորձ ունենալու հանգամանքը։ Ամեն դեպքում, առաջիկա մարզումների ընթացքում բոլոր բռնցքամարտիկների համար պետք է գտնեմ համապատասխան մրցակիցներ, որոնք նրանց կօգնեն լավ նախապատրաստվել աշխարհի առաջնությանը։ Թիմի վերջնական կազմը կորոշվի միայն երկրորդ հավաքից հետո, սակայն թեկնածուների հիմնական շրջանակն արդեն պարզ է։ Թվարկածս մարզուհիներից բացի, պատրաստվելու է նաև Էլիդա Քոչարյանը (60 կգ), որը նույնպես բավականին խոստումնալից բռնցքամարտիկ է։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ նա կարողանար նախապատրաստական մենամարտեր անցկացնել Հայաստանի առաջնությունում»,- հայտնեց Ռաֆայել Մեհրաբյանը։

Նա տեղեկացրեց, որ նախապես ծրագրել էր սաներին փորձել փետրվարի վերջին Բուլղարիայում կայանալիք «Ստրանջա» ավանդական ներկայացուցչական մրցաշարում, որը սովորաբար ուժեղ կազմ և մասնակիցների ընդգրկուն աշխարհագրություն է ունենում, սակայն ժամանակի սղությունը ստիպել է հրաժարվել այդ մտքից։ «Դա ուժերի լավ ստուգատես կլիներ, բայց խնդիրն այն է, որ մրցաշարը տեղի է ունենալու փետրվարի վերջին օրերին, իսկ աշխարհի առաջնությունն անցկացվելու է մարտի 13-27-ը։ Այդ պարագայում մարզուհիները գործնականում չէին ունենա վերականգնվելու և նախապատրաստությունն արդյունավետ ավարտելու ժամանակ։ Ըստ այդմ՝ չենք մեկնի Բուլղարիա։ Մրցափորձի բացակայությունը կարող է լինել նախապատրաստական փուլի մեր միակ թերությունը, բայց այլ ելք չկա։ Դրա նշանակությունը չեզոքացնելու համար Հայաստանի առաջնությունից առաջ անցկացրինք չնախատեսված հավաք, քանի որ տեղերում մարզումային պայմանները չեն նպաստում արդյունավետ նախապատրաստությանը։ Համոզված եմ՝ անկախ ամեն ինչից՝ կկարողանանք լավ պատրաստվել»,- վստահ է հավաքականի մարզիչը։

Մինչև աշխարհի առաջնությունը հավաքականը երկու ուսումնամարզական հավաք է անցկացնելու մայրաքաղաքի «Օլիմպավան» մարզահամալիրում։ Առաջինը տեղի է ունենալու փետրվարի 7-23-ը, իսկ երկրորդը՝ փետրվարի 25-ից մարտի 10-ը։ «Ժամանակը միանգամայն բավարար է լավ նախապատրաստվելու համար։ Հիմնվելով նախկին փորձին՝ մտադիր եմ պարապմունքներին ներգրավել նաև տղաների, որոնք կարող են արժանի մարզումային մրցակիցներ լինել մեր մարզուհիների համար և նպաստել նրանց արդյունավետ նախապատրաստությանը։ Արտագնա հավաք անցկացնելը նպատակահարմար չեմ համարում՝ ելնելով այս շրջանում շնչառական վարակների լայն տարածումից։ Ծանրաբեռնված մարզումները մարզուհիներին ավելի խոցելի են դարձնում դրանց նկատմամբ, ուստի չենք ցանկանում անտեղի խիզախել։ Առավել ևս, որ «Օլիմպավանում» առկա են արդյունավետ մարզվելու լավ պայմաններ և հնարավորություններ»,- ասաց Ռաֆայել Մեհրաբյանը։

Նա ավելացրեց, որ փոխարենը մտադիր են ավելի լավ պատրաստվել հունիսի 17-ից հուլիսի 3-ը Լեհաստանում անցկացվելիք տարվա վերջին կարևոր մրցմանը՝ Եվրոպական երրորդ խաղերին, որում վիճարկվելու են Օլիմպիական ուղեգրեր։ Նախապատրաստական այդ փուլում նախատեսված է մասնակցել նաև ստուգողական միջազգային մրցաշարերի։

Գլխավոր մարզիչը համարում է, որ Օլիմպիական խաղերի մասնակից դառնալու առավել իրական հնարավորություն ունեն Անի Հովսեփյանը, Անուշ Գրիգորյանը, Եկատերինա Սիչևան, Էլիդա Քոչարյանը և Սոնա Հարությունյանը։ Նա կարծում է, որ Եվրոպական խաղերից զատ կլինի ևս մեկ Օլիմպիական վարկանիշային մրցաշար։ Վերջնարդյունքում Ռաֆայել Մեհրաբյանը 3-5 Օլիմպիական ուղեգրի ակնկալիք ունի։ «Սակայն գլխավոր նպատակս է անպայման ունենալ Օլիմպիական մեդալ։ Անցյալ տարվա Եվրոպայի առաջնությանը մեր մարզուհիների արժանավոր մասնակցությունը վկայում է այդ երազանքն իրականացնելու հիմնավոր հնարավորությունը»,- խոսքը եզրափակեց նա։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ