Logo

Մեկով ավելի մյուս երկուսից. AO-ում հաղթանակին նախորդած ամիսներն ամենածանրն էին Նադալի կարիերայում

Հեղինակ
Արամ Սահակյան
19:24 / 31.01.2022Լուրեր
Բացառիկ
null

Ամբողջ աշխարհը կիրակի երեկոյան տալիս էր մեկ մարզիկի անուն՝ Ռաֆայել Նադալ։ Իսպանացի թենիսիստը դարձավ առաջին մարդը, որը «Մեծ սաղավարտի» 21 տիտղոս նվաճեց՝ հետևում թողնելով մյուս երկու մեծագույններին՝ Ռոջեր Ֆեդերերին ու Նովակ Ջոկովիչին։ Նադալի այս հաղթանակին ոչ ոք չէր սպասում, այդ պատճառով էլ արձագանքներն այսպիսին էին։ 

Դեռևս 2005-ին ոտքի խրոնիկ վնասվածքի պատճառով նրան խորհուրդ էին տալիս ավարտել կարիերան, սակայն դրանից 17 տարի անց Ռաֆան ոչ միայն շարունակում է թենիս խաղալ, այլ նաև տղամարդկանց մենախաղում «Մեծ սաղավարտի» ամենաշատ տիտղոս նվաճած թենիսիստն է, համենայն դեպս այս պահի դրությամբ։ Նրա, Ֆեդերերի ու Ջոկովիչի պատմությունը դեռ ավարտված չէ, թեպետ շատերի կարծիքով՝ շվեյցարացին արդեն դուրս է այս մրցավազքից։ Ամեն դեպքում, այս երեքը մեզ սովորեցրել են չշտապե՛լ ու երբեք իրենց հաշիվներից չհանե՛լ։ 

2021-ը բարդագույն տարի էր Նադալի համար

Անցած տարին անհաջող դասավորվեց Նադալի համար։ 2021-ին Ավստրալիայի բաց առաջնությունում նա հրաժեշտ տվեց պայքարին քառորդ եզրափակիչում, իսկ «Ռոլան Գարոսում» կիսաեզրափակիչում զիջեց Նովակ Ջոկովիչին՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում կարիերայում պարտվելով ընդամենը երրորդ անգամ։ 

Մեծ սաղավարտի մյուս երկու մրցաշարերը Նադալը բաց թողեց, իսկ ամռանը հայտարարեց, որ վնասվածք ունի ու շարքից դուրս է մնում անորոշ ժամանակով։ 

Վնասվածք, կորոնավիրուս

Օգոստոսը բարդ էր թենիսի երկրպագուների համար։ Խաղի երկու լեգենդները մեկը մյուսի հետևից հայտարարեցին վնասվածքների մասին ու անորոշ ժամանակով դուրս մնացին շարքից։ Ռոջեր Ֆեդերերն ասաց, որ Ուիմբլդոնից հետո ծնկի հետ կապված նոր խնդիրներ են ի հայտ եկել, ու անհրաժեշտ է նոր վիրահատություն կատարել, իսկ Նադալը հայտարարեց ոտքի վնասվածքի մասին։ Երկրպագուները տարակուսանքի մեջ էին, քանի որ սա այն վնասվածքն էր, որից Ռաֆան իր կարիերայի ընթացքում շատ էր տուժել։ Իսպանացին սեպտեմբերին՝ Բարսելոնայում վիրահատվելուց հետո, մի լուսանկար հրապարակեց սոցիալական ցանցերի իր էջերում, որտեղ մի ոտքով էր կանգնած, իսկ ձեռքում հենակներ էին։ Սա ամենահուսադրող բանը չէր, որ կարող էին տեսնել Նադալի երկրպագուները։ 

Ամեն դեպքում իսպանացին իր կռվող տեսակով վերսկսեց մարզումները, ու տարեվերջին նշմարվում էր, որ Նադալը մասնակցելու է Ավստրալիայի բաց առաջնությանը։ Արդեն մրցաշարի ընթացքում Նադալը կպատմի, թե ինչ բարդությունների է առերեսվել մարզվելիս: 

«Մարզվում էի 10-20 րոպե, իսկ հետո չէի կարողանում շարունակել: Երբեմն ստիպված էի հեռանալ կորտից գրեթե առանց ոչ մի բան անելու: Մտածում էի կարիերաս ավարտելու մասին»: 

Դեկտեմբերին այս ամենին գումարվեց կորոնավիրուսը: Նադալի խոսքով՝ հիվանդությունը հեշտ չի ընթացել. 3-4 օր բարձր ջերմություն է ունեցել ու անցկացրել անկողնում: Ասում են՝ կորոնավիրուսից հետո մարդիկ դժվարանում են նույնիսկ սենյակից խոհանոց գնալ, բայց Ռաֆան Իսպանիայից ճանապարհ էր բռնելու դեպի «կանաչ մայրցամաք»։ 

Մեծ եռյակից միակը, բայց հաստատ ոչ ֆավորիտը

Ֆեդերերը դեռ ապաքինվում էր վնասվածքից, Ջոկովիչին էլ արտաքսեցին Ավստրալիայից՝ չպատվաստված լինելու պատճառով։ Մեծ եռյակի ներկայացուցիչներից մրցաշարում մնաց միայն Ռաֆան, սակայն նա ընդհանրապես չէր դասվում ֆավորիտների շարքում։ Բոլորի համար հաղթողի գլխավոր հավակնորդներն էին Դանիիլ Մեդվեդևն ու Ալեքսանդր Զվերևը։ 

Քառորդ եզրափակիչում Նադալն անհավանական հաղթանակ տարավ Դենիս Շապովալովի նկատմամբ։ Հենց այդ ժամանակ բոլոր մասնագետներն ուշքի եկան ու հասկացան, որ Ռաֆան հաղթողի գլխավոր հավակնորդներից է։ Տոնի Նադալի խոսքով՝ Շապովալովի դեմ խաղում Նադալը 4 կգ քաշ էր գցել, բայց երկու օրում հասցրել էր վերականգնվել ու պատրաստ էր կիսաեզրափակիչ խաղին: 

Հաղթեց Նադա՞լը, թե՞ պարտվեց Մեդվեդևը

«Առանց կասկածի սա Բաց Էրայում լավագույն քամբեքն էր»,- հենց այսպես որակեց Ռաֆա Նադալի խելահեղ հաղթանակը եզրափակիչում աշխարհի նախկին առաջին ռակետ Մատս Վիլանդերը: Քչերը կհավատային, որ 35 տարեկան Նադալն իրենից 10 տարով երիտասարդ ու ֆիզիկապես ավելի թարմ Դանիիլ Մեդվեդևի դեմ խաղում սեթերով 0-2 զիջելուց հետո կարող է քամբեք կատարել: Բայց նա արեց դա: 5 ժամ 24 րոպե կորտում անցկացնելուց հետո նա հաղթեց, բայց ինչպե՞ս ու ինչու՞: 

«Երբեք մի՛ թերագնահատեք մեծ չեմպիոններին»,- խաղից հետո իր ընկեր ու մեծ մրցակից Ռաֆա Նադալին շնորհավորելիս ասաց Ռոջեր Ֆեդերերը: Բանն այն է, որ երբ երրորդ սեթում  հաշիվը 2-3 էր՝ հօգուտ Մեդվեդևի, ռուս թենիսիտը երեք բրեյք-փոյնթ ուներ, ու հավանաբար այդ գեյմը պարտվելու դեպքում խաղը Նադալի համար կավարտվեր: Սակայն իսպանացին որսաց պահը, խաղարկեց բրեյք-փոյնթերն ու հաղթեց գեյմը: Հետո ամբողջ խաղը նրա կռվող տեսակի մասին էր: Ֆիզիկական պատրաստվածությունը մի կողմ նետվեց, առաջ եկան մոտիվացիան, հաղթելու անհագ ցանկությունն ու փորձը: Չէ՞ որ սա Նադալի 29-րդ եզրափակիչն էր, իսկ Դանիիլի համար՝ ընդամենը 4-րդը: 

Մեդվեդևի հոգեբանության վրա ազդեցին նաև երկրպագուները: Նրանք բացահայտ աջակցում էին Նադալին ու աղմկում նույնիսկ Մեդվեդևի ամենաանմեղ սխալների վրա, որը թենիսում առհասարակ ընդունված չէ: Պատահական չէ, որ Դանիիլը «պայթեց» հենց խաղի ընթացքում: Մրցավարի հետ խոսելիս նա մատուցմանն ընդառաջ բղավող երկրպագուներին անվանեց «հիմարներ»: 

Եթե մեկ նախադասությամբ ամփոփենք եզրափակիչը, կստացվի այսպես. Նադալի փորձն ու երբեք չհանձնվելու բնավորությունը հաղթեցին Դանիիլ Մեդվեդևի ֆիզիկական ու խաղային առավելություններին: Ահա այսքանը՝ խելահեղ եզրափակիչի մասին: 

13 տարի անց ու 10 տարի անց այդ նույն «Ռոդ Լեյվերում»

Ավստրալիայի բաց առաջնությունը յուրահատուկ մրցաշար է: Մելբուրնում այնքան պատմական իրադարձություններ են եղել, որ մեկ օրը չի բավարարի ամբողջը պատմելու համար: Ու այդ ամենի կենտրոնակայանը՝ «Ռոդ Լեյվեր» արենան է: Այս կորտը շատ հատուկ վայր է թենիսիստների համար: Դու խաղում ես, ու ստադիոնում քո խաղին անձամբ հետևում է լեգենդար Ռոդ Լեյվերը, որի անունով էլ կոչվում է այս խելահեղ կառույցը: 

2009-ին այդպիսի մի օր էր, երբ Նադալը հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունում իր առաջին տիտղոսը: Եզրափակիչում նրա մրցակիցը Ռոջեր Ֆեդերերն էր: Շվեյցարացին պարտությունից հետո՝ մրցանակների հանձնման ժամանակ, չկարողացավ զսպել արցունքները: 

«Գուցե հետո նորից փորձեմ հաղթել այստեղ: Աստվա՜ծ իմ, այս զգացողությունն սպանում է ինձ»,- արցունքոտ աչքերով ասում էր Ռոջերը: 

Իսկ ահա Ռաֆան իր ելույթում սփոփեց Ռոջերին.

«Դու մեծ չեմպիոն ես: Վստահ եմ, որ շրջանցելու ես Պիտ Սամպրասի ռեկորդը»: 

Ռաֆան ճիշտ էր: Ռոջերը մի քանի ամիս անց շրջանցեց Պիտ Սամպրասի՝ հավերժ թվացող ռեկորդը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթանակների քանակով: Իսկ հիմա՞: Իսկ հիմա այդ նույն «Ռոդ Լեյվերում» Ավստրալիայի բաց առաջնությունում երկրորդ հաղթանակից հետո Ռաֆան է շրջանցում Ռոջերին: Համաձայնեք՝ խորհրդանշական է: 

Դե իսկ ահա 2012-ին Նադալն Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում պարտվեց Ջոկովիչին: Դա Մեծ սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներում ամենաերկար խաղն էր: Առավել քան հատկանշական է, որ այդ հանդիպումեց 10 տարի անց Նադալը գրեթե նույն ժամանակահատված կորտում անցկացնելուց հետո ի վերջո հաղթեց Ավստրալիայի բաց առաջնությունը երկրորդ անգամ: 

Ի վերջո ո՞վ է լավագույնը

Թենիսի հավերժ հարցը կարծես թե նոր պատասխան ունի: Ռաֆայել Նադալը բոլոր ժամանակների մեծագույն թենիսիստն է: Ինչու՞... Առհասարակ թենիսում երկրպագուները գնահատականը միշտ տվել են «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քանակով: Այս պահին Ռաֆան մեկով ավելի ունի, քան Ռոջերն ու Նովակը: Նա ժամանակավորապես դառնում է «G.O.A.T», բայց մրցավազքն ավարտված չէ: Սակայն արդյոք լավագույնն այս երեքից ի վերջո համարվելու՞ է այն խաղացողը, որը կարիերան կավարտի «Մեծ սաղավարտի» ամենաշատ տիտղոսներով: 

Այս հարցի պատասխանը մենք երբեք չենք ունենա: Ոմանք միշտ լավագույնը համարելու են Ռոջեր Ֆեդերերին, բայց նրանց հակադարձելու են՝ ասելով, որ Ֆեդերերը միմյանց միջև խաղերով զիջում է թե՛ Ջոկովիչին, թե՛ Նադալին: Հետո նոր հակափաստարկ է բերվելու. Ֆեդերերը պայքարել է ոչ միայն Ջոկովիչի ու Նադալի հետ, այլ նաև նախորդ սերնդի մեծագույնների՝ Անդրե Աղասիի ու Պիտ Սամպրասի: 

Գուցե մեկն ասի, որ մեծագույնը Նադալն է, քանի որ նա այս պահին ամենաշատ տիտղոներն ունի «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Սակայն այստեղ էլ բազմաթիվ հակափաստարկներ կան: Նադալն իր տիտղոսների առյուծի բաժինը հաղթել է «Ռոլան Գարոսում», նա աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում անհամեմատ ավելի քիչ է եղել, քան Ջոկովիչն ու Ֆեդերերը: 

Գուցե մեծագույնը Ջոկովի՞չն է: Նա բոլորից շատ է եղել առաջին ռակետի կարգավիճակում, ավելի երիտասարդ է ու հիանալի շանսեր ունի Նադալին շրջանցելու և թերևս կանի դա առաջիկայում: Ջոկովիչի դեպքում ևս կան հակափաստարկներ, թեպետ վիճակագրության տեսանկյունից նա իսկապես հավակնում է մեծագույնի կոչմանը: 
Ջոկովիչի պարագայում հակափաստարկները ոչ թե առնչվում են վիճակագրության, այլ խաղի ու մարդկային որակների հետ: Ոչ քիչ կարծիքների համաձայն՝ նյարդային Ջոկովիչն իրավունք չունի համարվելու բոլոր ժամանակների մեծագույն թենիսիստը: Երկրպագուների մի մասի կարծիքով էլ նա ձանձրալի թենիս է ցուցադրում, ու նրա խաղը ոչնչով չի առանձնանում: 

Ի վերջո, ո՞վ է մեծագույնն այս երեքից, իսկ պարտադի՞ր է ընտրել մեկին... Իսկ ի՞նչ են ասում նրանք այս ամենի մասին.

Ռոջեր Ֆեդերեր

«Ես չեմ սկսել թենիս խաղալ՝ այս ռեկորդները գերազանցելու համար: Միշտ էլ ասել եմ, որ Սամպրասի ցուցանիշը գերազանցելուց հետո յուրաքանչյուր հաղթանակ ես ընկալում եմ որպես բոնուս»: 

Ռաֆայել Նադալ

«Ինձ համար կարևորն այսպիսի երեկոները վայելելն է: Սա ամեն ինչ է ինձ համար: Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ տիտղոսը նվաճելն ավելին է ինձ համար, քան այլ բաները»: 

Նովակ Ջոկովիչ

«Նադալին ու Ֆեդերերին գերազանցելն ամեն ինչ է ինձ համար. դրա համար եմ ես թենիս խաղում»: 

Պարզապես պետք է վայելել նրանց խաղը, քանի դեռ կա դրա հնարավորությունը: Յուրաքանչյուրը կարող է ընտրել իր տարբերակն ու ներկայացնել իր փաստարկները: Նրանք բավականաչափ բան են արել՝ իրենց կարիերայում այս հավերժ հարցը երբեք չփակելու համար:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա