Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը ATP-ի վարկանիշային աղյուսակում 900 շաբաթ անընդմեջ մնացել է թոփ-10-ում՝ սահմանելով ռեկորդ: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթողը երկրորդն է դասակարգման ցուցակում:
2005 թվականի ապրիլի 25-ին Նադալն առաջին անգամ հայտնվել էր լավագույն տասնյակում՝ հաղթելով Մոնտե-Կառլոյի մրցաշարում։ Այդ օրվանից անցել է 17 տարի, 8 ամիս և 4 օր, հայտնում է ATP մամուլի ծառայությունը:
Նախորդ ռեկորդը գրանցել էր ամերիկացի Ջիմի Քոնորսը, որն ATP-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը չէր լքել 789 շաբաթ։ Նրան հաջորդում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, որը 2002-2016 թվականներին 734 շաբաթ պահպանել էր տեղը թոփ-10-ում:
Հիշեցնենք, որ ATP-ի դասակարգման ցուցակն այժմ գլխավորում է իսպանացի Կառլոս Ալկարասը:


