Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) երկրորդ տարին անընդմեջ դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող աշխարհամասի առաջնությունում Հարությունյանը գրանցեց երկամարտի 336 կգ (154+182) արդյունք:
Պոկում վարժությունում հայ ծանրորդը նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում գրավեց 5-րդ տեղը: Հարությունյանը պոկում վարժությունում կատարեց երկու հաջող մոտեցում, իսկ հրում վարժությունում՝ մեկ:
Երկամարտի 346 կգ (155+191) արդյունքով երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոն դարձավ Իտալիան ներկայացնող իսպանացի ծանրորդ Օսկար Ռեյեսը, որը նաև աշխարհի գործող չեմպիոնն է:
Նախորդ մրցումային օրերի ընթացքում Հայաստանը երկու ոսկե մեդալ էր նվաճել երկամարտում։ Եվրոպայի չեմպիոն են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (67 կգ)։
Հայաստանի ներկայացուցիչներից հաջորդը հարթակ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), որը ելույթ կունենա փետրվարի 17-ին, մրցումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է այս տարի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:


