Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը հրաժարվել է գլխավորել Մյունխենի «Բավարիան»։ Գերմանացի մասնագետը հանդես է եկել հայտարարությամբ և նշել, որ չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից։
«Ամբողջ սրտով նվիրված եմ Ավստրիայի հավաքականում աշխատանքին։ Մեծ բավականություն եմ ստանում դրանից։ Ցանկանում եմ ընդգծել, որ դա ոչ թե մերժում է «Բավարիային», այլ ընտրություն իմ թիմի օգտին։ Ամբողջությամբ կենտրոնացած եմ Եվրոպայի առաջնության վրա և ամեն ինչ կանեմ, որ հաջող խաղ ցուցադրենք»,- մարզիչի խոսքը մեջբերում է Ավստրիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 65-ամյա Ռանգնիկը «Բավարիան» գլխավորելու հիմնական թեկնածուն է։ Նա Ավստրիայի հավաքականում աշխատում է 2022 թվականից։
Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից: