Logo

Ռանոսի խնդիրները «Բորուսիայում»․ Որո՞նք են պատճառները և ելքերը

Հեղինակ
Արման Աբելյան
12:53 / 08.04.2024Հոդվածներ
Բացառիկ
null

9 հանդիպում Բունդեսլիգայում, 9-ում էլ՝ փոխարինման մտնելով, ընդհանուր 41 րոպե խաղաժամանակ․ սա Հրանտ-Լեոն Ռանոսի վիճակագրությունն է Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»: Հայաստանի հավաքականի հարձակվողի տեղափոխությունը Բունդեսլիգայի թիմ շատ ուրախալի էր: Բայց 20-ամյա ֆուտբոլիստը չունի գլխավոր մարզիչ Խերարդո Սեոանեի վստահությունը:

Ի՞նչ իրավիճակ է «Բորուսիայում», որո՞նք են Ռանոսի քիչ խաղաժամանակի պատճառները, և ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ:

Լավ հարձակում, վատ պաշտպանություն

«Բորուսիան» այս պահին 11-րդ տեղում է, մինչդեռ իր կազմով շատ ավելիին կարող էր հավակնել: Թիմը դուրս է մնացել նաև Գերմանիայի գավաթից՝ պարտվելով 3-րդ Բունդեսլիգան ներկայացնող «Սաարբրյուկենին»: Գլադբախը 4-րդ անընդմեջ մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, կմնա առանց եվրագավաթների: Դա բացասական միտում է, որովհետև դրան նախորդած 10 տարում թիմը 3-ական անգամ մասնակցել էր Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի խմբային փուլերին, 3 տարի առաջ հասել նույնիսկ գլխավոր եվրագավաթի 1/8 եզրափակիչ:

Սեոանեի թիմը հարձակման առումով լավ վիճակում է՝ խփած գոլերով 6-րդն է Բունդեսլիգայում, ստեղծած գոլային պահերով՝ 7-րդը: Շվեյցարացի մասնագետը հետաքրքիր մտահղացումներ է կիրառում գնդակով խաղի ժամանակ: «Բորուսիան» միշտ փորձում է կարճ փոխանցումներով դուրս գալ իր կիսադաշտից: Կենտրոնի ֆուտբոլիստները բարձրակարգ են: Հենակետային Յուլիան Վայգլը, որը Դորտմունդում Հենրիխ Մխիթարյանի խաղընկերն է եղել, շատ լավ է կառավարում գրոհները, Մանու Կոնեն իր ճկունությամբ հիանալի է գնդակ պահում մրցակցի պրեսինգի պայմաններում: Ֆլորիան Նոյհաուսը ստեղծարար կիսապաշտպան է, իսկ մրցաշրջանի բացահայտումներից Ռոկո Ռայցը մեծ ծավալի աշխատանք է կատարում, խաղում է ավելի առաջ քաշված ու հասցրել է 6 գոլ խփել: Բացի այդ, «Բորուսիան» փայլուն է իրացնում անկյունայինները․ այդ եղանակով արդեն 12 գոլ է խփել:

Այլ պատկեր է պաշտպանության առումով: Սեոանեն այս տեսանկյունից շատ զգուշավոր է, «Բորուսիան» չես անվանի բարձր պրեսինգով խաղացող թիմ: Սակայն այդ զգուշավոր մոտեցումն արդյունավետ չէ, Գլադբախն ամենաշատ գոլ բաց թողած 3-րդ թիմն է, առաջնությունում վատագույններից է նաև իր դարպասի մոտ գոլային հնարավորություններով: Պատճառներից մեկն այն է, որ դեռևս մրցաշրջանի սկզբում վնասվածք ստացավ հիմնական դարպասապահ Յոնաս Օմլինը, որն ավելի վաղ փոխարինել էր «Ինտերի» ներկայիս դարպասապահ Յան Զոմերին: Շուրջ 4 ամիս չխաղաց նաև Ճապոնիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Կո Իտակուրան:

Պետք է ընդգծել, որ ամռանը «Բորուսիան» կարևոր կորուստներ է կրել: «Ինտեր» տեղափոխվեց ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը, ինչպես նաև Բունդեսլիգայի այժմյան առաջատար «Բայերին» միացավ գերմանացի կիսապաշտպան Յոնաս Հոֆմանը: Առաջատար եզրային պաշտպան Ռամի Բենսեբայնին կարիերան շարունակում է Դորտմունդի «Բորուսիայում», ակումբը լքեց նաև հարձակողական ոճի կիսապաշտպան, թիմի ավագ Լարս Շտինդլը: Չնայած նրան, որ Գլադբախը Բունդեսլիգայում իր վերջին 11 խաղից միայն 2-ում է հաղթել և խաղային առաջընթաց գրեթե չունի, ակումբի ղեկավարությունը վստահում է Սեոանեին: Օրերս մարզչին աջակցող հայտարարությամբ հանդես եկավ նաև ակումբի նորանշանակ նախագահը:

Ռանոսի մրցակիցը թիմի ուժեղագույն ֆուտբոլիստն է

Հիմա անցնենք Ռանոսին: «Բորուսիան» մրցաշրջանի մեծ մասում խաղացել է 3-5-2 սխեմայով, այն դասավորությամբ, որ նաև «Ինտերն» է կիրառում: Սեոանեն նախընտրում է առջևի գծում 2 տարբեր ոճերի հարձակվողների օգտագործել: Ավելի առջևից պետք է գործի ֆիզիկապես ուժեղ և բարձրահասակ հարձակվող․ այդ տեղի համար մրցակցում են Ջորդան Սիբաչոն ու Տոմաշ Չվանչարան: Մյուս հարձակվողը պետք է գործի խորքից, հաճախ վերածվի կիսապաշտպանի և կապող օղակ լինի թիմի համար: Այդ դիրքին հավակնում է նաև Ռանոսը: Սակայն այդտեղ անվիճելի հիմնական ֆուտբոլիստն Ալասան Պլեան է, որը, անկասկած, թիմի լավագույն ու ամենակարևոր խաղացողն է: Ֆրանսիացին նաև 7 գոլով «Բորուսիայի» գլխավոր ռմբարկուն է:

Պլեայից կախումը մեծ է: Բայց նա տարվա սկզբին վնասվածք ստացավ ու նոր է վերականգնվել: Դա ևս առանձնապես չօգնեց Ռանոսին: Այդ դիրքում ի հայտ եկավ Ռոբին Հակն ու դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ: Վերջինս նաև եզրից է խաղում և արդեն 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Պլեայի դիրքում Սեոանեի մյուս ընտրությունն էլ Նաթան Նգումուն է՝ 5+2 վիճակագրությամբ: Նա ավելի արագ ֆուտբոլիստ է: Սեոանեն վերջին շաբաթներին սկսեց օգտագործել 4-3-3 դասավորությունը, թեև վերջին մրցավեճում կիրառեց 3-4-3 սխեման: Նմանությունն այն է, որ երկուսում էլ տեղ կա միայն մեկ հարձակվողի համար (Պլեան հիմնական տարբերակն է): Հակը և Նգումուն այս պարագայում ավելի շատ եզրերից են խաղում: Աջից գործում է նաև Ֆրանկ Օնորան, որը շատ որակյալ եզրային փոխանցումներով է օժտված․ նա արդեն 8 գոլային փոխանցում է կատարել:

Սեոնանեն հունվարին այսպես էր արտահայտվել Ռանոսի հասցեին․ «Նա մեկ քայլով մոտեցել է հիմնական կազմին: Որքան խաղաժամանակ Ռանոսը կստանա, կախված է լինելու նաև նրա՝ մարզումներին ցույց տված արդյունքներից»: Հայ ֆուտբոլիստի միակ գոլն առաջին թիմում գրանցվել է օգոստոսին կայացած գավաթային խաղում: Դրանից հետո ժամանակ առ ժամանակ խաղացել է մինչև 23 տարեկանների թիմում և 3 գոլի հեղինակ դարձել, վերջինը՝ օրերս՝ հավաքականից վերադառնալուց հետո: Նա 2 օր առաջ էլ Մ23 թիմում գոլային փոխանցում է կատարել: Բնական է, որ Ռանոսից ժամանակ էր պահանջվելու 4-րդ Բունդեսլիգայից 1-ին Բունդեսլիգա տեղափոխությանը հարմարվելու համար: Սա լիովին այլ հարթություն է:

Բարդ է ասելը՝ նա զգո՞ւմ է մարզչի կողմից վստահություն, թե՞՝ ոչ: Ռանոսն անցյալ ամիս գեթ մեկ րոպե չխաղաց նույնիսկ 3-րդ Բունդեսլիգայի թիմի դեմ գավաթային հանդիպմանը: Այստեղ արդիական է նաև ֆուտբոլիստի դիրքի ու դերի հարցը։ Նա հավաքականում ոչ թե փոքր-ինչ խորքից, այլ հենց հարձակման կենտրոնում է գործում, ակնհայտ գոլային հոտառություն ունի, լավ է բացվում պաշտպանների թիկունք: Բայց «Բորուսիայի» մարզիչը, ինչպես նշվեց, հարձակման առաջնագծում այլ ոճի ֆուտբոլիստի է պատկերացնում: Թեև Ռանոսը «Բավարիայի» 2-րդ թիմում մեծ փորձ ունի ոչ թե կենտրոնական, այլ եզրային հարձակվողի դիրքում ելույթ ունենալու: Հայ խաղացողի «բախտը չբերեց» նաև նրանով, որ թե՛ Հակը, թե՛ Նգումուն լավ օգտվեցին իրենց շանսից ու հիմա վայելում են Սեոանեի վստահությունը:

Ռանոսը ներգրավված է «Բորուսիայի» հետաքրքիր ծրագրում

Մյոնխենգլադբախի ակումբում այս մրցաշրջանից նորամուծություն կա: Պարբերաբար կարճատև հավաքներ են կազմակերպվում ակումբի առաջին թիմի երիտասարդների, ինչպես նաև Մ23, Մ19 և Մ17 թիմերի ֆուտբոլիստների համար: Ռանոսը ևս մասնակիցների թվում է լինում: Ակումբի մարզական տնօրեն Նիլս Շմադտկեն նշել է․ «Մենք մտածեցինք՝ ինչպես կարող ենք բարելավել մեր տաղանդների առաջընթացի պայմանները: Բացի ճիշտ մարզչական շտաբից, հարկավոր են նաև կանոնավոր լրացուցիչ մարզումներ»:

Այդ լրացուցիչ մարզումները մի ամբողջ մարզչական խմբի կողմից խորը վերլուծության են ենթարկվում: Ֆուտբոլիստներն աշխատում են թե՛ ուժեղ կողմերի բարելավման, թե՛ թույլ կողմերի կատարելագործման շուրջ: Գործընթացը համակարգում է հենց Սեոանեն՝ առաջին թիմի գլխավոր մարզիչը: Մարզիչներից Գվիդո Շտրահյսբիրն ասել է․ «Շատ ենք քննարկել ու հասկացել, որ պետք է ավելացնենք մեր երիտասարդ ֆուտբոլիստների ծանրաբեռնվածությունը: Բունդեսլիգան բարձր մակարդակ է: Մտադիր ենք անհատական աշխատանքով հնարավորինս կրճատել այդ տարբերությունը և հասկացնել տղաներին՝ էլ ինչ է պետք անել: Տաղանդավոր ֆուտբոլիստները պետք է շատ աշխատեն, որպեսզի հասնեն Բունդեսլիգայի խաղացողի մակարդակի: Նորմալ է, որ նրանք այս գործընթացում կարող են սխալներ թույլ տալ»:

Այս մինի-հավաքները երբեմն ուղեկցվում են ընկերական խաղերով: Դրանցից մեկում Ռանոսը վերջերս 2 գոլ էր խփել: Այդ խաղերը ևս վերլուծության են ենթարկվում: «Բորուսիան» այն ֆուտբոլիստներին, ովքեր արդեն գերազանցում են Մ23 թիմի մակարդակը, բայց չեն հասել Բունդեսլիգայում խաղալու աստիճանի, նախընտրում է վարձավճարով այլ ակումբներ ուղարկել: Ըստ մի շարք լուրերի՝ Ռանոսը ևս ձմռանը տարբերակներ է ունեցել, այդ թվում՝ Նիդերլանդների Էրեդիվիզեից, սակայն նախընտրել է մնալ «Բորուսիայում»:

Ի՞նչ է սպասվում Ռանոսին

Բացահայտ է, որ ակումբում քիչ խաղաժամանակը և, միգուցե, վստահության պակասն անդրադարձել են նաև Հայաստանի հավաքականում ելույթների վրա: Ռանոսը «Բորուսիա» տեղափոխությունից հետո հավաքականում դեռևս գոլ չի խփել, վերջին 2 ընկերական խաղերում էլ չհայտնվեց հիմնական կազմում: Ֆուտբոլիստը վերջերս հայտարարել էր, որ տվյալ պահին չի մտածում ակումբից հեռանալու մասին: Նրա պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը: Սա ևս փաստում է, որ ակումբը երկարաժամկետ ծրագրեր ունի 20-ամյա հարձակվողի հետ: Այս մրցաշրջանը, անկախ ամեն ինչից, մեծ դաս էր նրա համար, որովհետև հայտնվեց բոլորովին այլ մրցակցային միջավայրում:

Շատ բան կախված կլինի նաև մարզչական հարցից: Մարզչական փոփոխությունը, ինչն անիրատեսական չէ, կարող է ազդել նաև Ռանոսի հեռանկարի վրա: Իսկ այժմ պետք է կառչել ամեն մի շանսից, եթե նույնիսկ մի քանի րոպե է հանդես գալիս: «Բորուսիան» գոլ խփելու խնդիր հազվադեպ է ունենում, ուստի մարզիչն էլ կարիք չունի անընդհատ փոփոխությունների գնալու հարձակման գծում: Մանավանդ, որ արդեն ապաքինվել են Պլեան ու Չվանչարան, Սիբաչոն ևս կազմ ու պատրաստ է: Ռանոսին մեծ վստահություն կարող են հաղորդել հավաքականում լավ ելույթները: Դրանք կօգնեն, որ նրա նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծանա նաև այլ ակումբների կողմից:

Ինչ էլ լինի, իրավիճակին պետք է իրատեսորեն նայել: Ռանոսն այնքան վառ ու գոլառատ սկսեց ելույթները հավաքականում, որ շատերը նրանից ամեն խաղում պարտադիր գոլ էին սպասում: Նույնը հիմա «Բորուսիայում» է՝ մեծ սպասելիքներ, թեև օբյեկտիվ դժվարություններ կան, որոնց անդրադարձանք: Պետք չէ մոռանալ, որ Հրանտ-Լեոնը 20 տարեկան է ու նոր մակարդակում առաջին քայլերն է կատարում: Նա պետք է դիմակայի խոչընդոտներին և սառը գլխով ընդունի հետագայի որոշումները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ