Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթև քաշային կարգում WBC վարկածով նախկին ժամանակավոր չեմպիոն Ռայան Գարսիան հայտարարել է, որ ցուցադրական մենամարտ կանցկացնի ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ Մենի Պակյաոյի հետ:
«Ի՞նչ էի անում Ճապոնիայում: Պակյաոյի հետ բանակցություններ էի վարում: Նա կլինի իմ հաջորդ մրցակիցը, և սա մեր մենամարտի առաջին անոնսն է։ Այո, մենամարտը կլինի ցուցադրական:
Մենամարտն անկասկած տեղի կունենա մինչև այս տարվա ավարտը, այնպես որ, հենց հիմա ես ավելի եմ կենտրոնանում՝ փորձելով հրաժարվել ալկոհոլից և շատ այլ հիմարություններից, որոնք կան իմ կյանքում»,- Գարսիայի խոսքը մեջբերում է The Ring-ը:
25-ամյա ամերիկացին պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 26 մենամարտերից 25-ում հաղթել է, 20-ում՝ նոկաուտով, ունի մեկ պարտություն:
Հիշեցնենք, որ 8 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Պակյաոն հուլիսի 28-ին Տոկիոյի Super RIZIN 3 մրցաշարում ցուցադրական մենամարտ էր անցկացրել K-1-ի նախկին չեմպիոն Ռուկիա Անպոյի հետ: Մենամարտն ավարտվել էր ոչ-ոքի: 45-ամյա ֆիլիպինցին պրոֆեսիոնալ ռինգում տարել է 62 հաղթանակ (39-ը՝ նոկաուտով), նաև ունի 8 պարտություն և երկու ոչ-ոքի։


